2005 թ. մարտի 4-5-ը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների բարձր տնօրինությամբ տեղի ունեցավ հայոց երկու կաթողիկոսությունների պատվիրակությունների խորհրդակցական ժողովՙ «Հայ եկեղեցու վերանորոգության հրամայականը» թեմայով օրակարգի նախագծի պատրաստման նպատակով: Պատվիրակությունները ղեկավարում էին Ամենայն հայոց կաթողիկոսության կողմիցՙ Խաժակ արք. Պարսամյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Օշական արք. Չոլոյանը:
Մարտի 4-ին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց եւ իր հայրական օրհնությունը տվեց պատվիրակներին:
Ժողովի ընթացքում կազմվեց 9 խմբավորումներից բաղկացածՙ եկեղեցական կյանքին, հայ եկեղեցու ինքնությանն առնչվող եւ հիմնական ոլորտներն ընդգրկող օրակարգՙ հայ եկեղեցու կանոնական վիճակ, եկեղեցաբանական, վարչական եւ կանոնագրային սահմանում, ծիսական եւ արարողական կյանք, հոգեւորականների պատրաստություն, միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններ, արդի ընկերային եւ բարոյական հարցերի նկատմամբ կեցվածքներ, հայ ժողովրդի իրավունքների հետապնդում:
Ժողովի ավարտին որոշվեց նախագիծը ներկայացնել Գարեգին Բ Ամենայն հայոց եւ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո Վեհափառ հայրապետներին:
Մ. Բ.