«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2005-03-05 | #41, 2005-03-08 | #42, 2005-03-10


«ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԻ, ԱՌԱՋԻՆԸ ԵՍ ԿԳՆԱՄ»

Արցախյան պատերազմի հաղթանակի, բանակի կազմավորման գործում իրենց նշանակալի ավանդն են ունեցել նաեւ 100-ից ավելի կին ազատամարտիկներ, որոնք անտեսելով բոլոր դժվարությունները, ճակատագրի բարեհաճությանը թողնելով իրենց ընտանիքներինՙ մասնակցեցին Արցախյան պատերազմին: Մարտերի ընթացքում 17 կին ազատամարտիկներ զոհվեցին, 40-ից ավելին դարձան հաշմանդամ: «Մարտերի ընթացքում ոչ ոք չէր մտածում, որ երբեւէ կհայտնվեինք այս վիճակում: Մեր միակ նպատակը հաղթանակն էր, քանի որ այն ժամանակ համոզված էինք, որ եթե անգամ զոհվենք, մեր երեխաներին տեր կկանգնեն: Ով կկարծեր, որ մեզ վրա ուշադրություն դարձնող չի լինի», ասում է մայոր Աիդա Սերոբյանը: Պատերազմից հետո Աիդա Սերոբյանը հիմնում է Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական հասարակական խորհուրդը եւ սկսում զբաղվել նախկին մարտական ընկերների շահերի պաշտպանությամբ: «Կազմակերպության նպատակներից մեկն էլ պատերազմի մասնակից եւ զինծառայող կանանց նյութական օգնություն ցուցաբերելն է: Այդ խնդրանքով բազմիցս դիմել եմ մեր մեծահարուստներին, սակայն մնացել անարձագանք», նշում է Աիդա Սերոբյանը:

Պատերազմի մասնակից կանանց մեծ մասը ապրում է ծանր սոցիալական պայմաններում, եւ Ա. Սերոբյանը շատ հաճախ սեփական միջոցներով է ստիպված եղել օգնել նրանց: Կազմակերպության ջանքերով երեք դպրոց եւ մեկ փողոց վերանվանվել են կին ազատամարտիկների անուններով, Արցախյան պատերազմի մասնակից երեք կանանց համար կառուցվել եւ տեղադրվել է հուշաքար: «Հաճախ եմ գնում Եռաբլուրՙ զոհված ընկերներիս շիրիմներին այցելության: Պատերազմի ընթացքում մարտական ոգին ոչ ոքի չէր լքում: Հիշում եմ, որ մարտերից մեկի ժամանակ, երբ ադրբեջանցիները գյուղի բարձունքներից կրակ էին բացել մեզ վրա, մենք, գյուղի դպրոցում պատսպարված, մարտական ընկերուհիներիցս մեկի ծննդյան օրն էինք նշում: Իսկ այժմ չենք կարողանում անգամ միմյանց հյուր գնալ», ասում է Աիդա Սերոբյանը:

Մայոր Սերոբյանը հիշում է, որ հեռուստացույցով լսելով, որ Արցախին անհրաժեշտ են բուժքույրեր, առանց ընտանիքի անդամներից որեւէ մեկին զգուշացնելու մեկնում է մարտի դաշտ: Մեկնում է 1992 թվականի ապրիլի 14-ին եւ զորացրվում պատերազմի ավարտից հետոՙ 1994 թվականի հունիսի 30-ին: «Պատերազմի ընթացքում ամեն օր աղոթում էի Աստծուն, որ տեսնեմ հաղթանակի օրը: Եվ երբ մի զինվոր մոտենում եւ ասում էՙ «Աչքդ լույս դոխտուր, պատերազմը պրծալ ա», ես պարզապես չէի հավատում իմ երջանկությանը: Իսկ երբ տուն եկա, ամիսներ շարունակ դուստրս յուրաքանչյուր բառից հետո «մամ» էր ասում: Ես հասկացա, որ նա կարոտել է մայրիկ բառին», պատմում է Սերոբյանը: Այսօր էլ տիկին Աիդան շարունակում է ծառայել հայկական բանակում, միաժամանակ փորձելով հնարավորինս օգտակար լինել մարտակից ընկերուհիներին: «Սա այն Հայաստանը չէ, հանուն որի մենք պատերազմում էինք: Ճիշտ է դժվարությունները շատ են, սակայն համոզված եղեք, որ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, առաջինը ես կգնամ», ասում է Աիդա Սերոբյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4