ԼՂՀ-ի միջազգային ճանաչման յուրօրինակ միջոց են նաեւ փոստային նամականիշները: Համենայն դեպս, արդեն 12 տարի արցախյան պետական խորհրդանիշներով նամականիշներն առանց որեւէ խոչընդոտի առաքվում են աշխարհի տարբեր երկրներ: Փոստային այդ առաքումների համար միակ դժգոհողը, բնականաբար, Ադրբեջանն է, ինչը սակայն չի խանգարում «Արցախփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը այսօրինակ գործունեություն ծավալելու: Վերջերս «Արցախփոստը» թողարկել է հերթական 3 նամականիշներըՙ 15.000-ական տպաքանակով: Դրանց մեջ առանձնանում է «Ոսկեգույն ձի» նամականիշը: Հատկանշական է, որ նույնանուն նամականիշ թողարկել է նաեւ Ադրբեջանը, որի մի նպատակը, թերեւս, ղարաբաղյան հանրահայտ ձիու ադրբեջանականացման տխրահռչակ փորձն է: «Արցախփոստ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Է. Զաքիյանի խոսքերովՙ ղարաբաղյան նամականիշներից առավելապես օգտվում են ԼՂՀ այցելող զբոսաշրջիկները, այդ թվում այլազգի: Ոչ հազվադեպ, նրանք ղարաբաղյան նամականիշով կնքված ծրարներ եւ ծանրոցներ են առաքում իրենց երկրներ, ընդ որումՙ առաքման աշխարհագրությունը ընդգրկում է տարբեր աշխարհամասերՙ Ամերիկայից մինչեւ Ավստրալիա: Գործադիր տնօրենի հավաստմամբ, դեռեւս չի եղել մի դեպք, երբ իրենց առաքումները չհասնեն հասցեատիրոջը:
Կարծում ենք, շրջանառության մեջ դրված նոր նամականիշները նույնպես իրացման խնդիրներ չեն ունենա, ինչպես եղել է տարիներ շարունակ, անկախ այն բանից, որ Ադրբեջանը դարձյալ շարունակելու է բողոքել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ