«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2005-03-05 | #41, 2005-03-08 | #42, 2005-03-10


«ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՇՎԵՏՈՒ ԼԻՆԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ»

Հայտարարում է վարչապետ Էրդողանը Բայքալի հետ հանդիպման ավարտին

Դեռեւս մարտի 4-ին «Ազգը» տեղեկացրել էր «Հայոց ցեղասպանության պնդումներին դիմակայելու համար համատեղ աշխատելու» առաջարկով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանդիպելու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի նախաձեռնության մասին: Մարտի 8-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի շենքում Բայքալը հանդիպել է Էրդողանին, հանդիպումը շուրջ մեկուկես ժամ է տեւել: Հանդիպմանը Բայքալին ուղեկցել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենն ու պատգամավոր Շուքրյու Էլեքդաղը, որոնք պաշտոնաթող դեսպաններ են, իսկ Էրդողանը նրանց ընդունել է արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի եւ արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի ներկայությամբ:

Հանդիպմանը նույն օրը ինֆորմացիոն գլխավոր ծրագրում առաջնորդող լուրով արձագանքեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, ապա եւ «Ռոյթերի» գլխավորությամբՙ արտասահմանյան գործակալություններն ու մարտի 8-ին Թուրքիայի առաջնակարգ թերթերը:

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա դրա ընթացքում Բայքալն Էրդողանին է ներկայացրել «Ցեղասպանության պնդումների դեմ պայքարի» նախագիծ, ինչպես Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների համար նախատեսվող երկու նամակ: էրդողանը հավաստիացրել է, որ համատեղ կաշխատեն այդ նախագծի վրա: Դրա բովանդակությունը հայտնի չէ: Պարզապես գիտենք, որ հանդիպման ավարտին Էրդողանն ու Բայքալը լրագրողների առջեւ հայտարարություն են արել:

Վարչապետ Էրդողանն արձանագրել է Եվրոմիությանն անդամակցության շրջանակներում Թուրքիայի առջեւ այս կարգի հարցեր դնելու փաստը, դա պայմանավորել է 85 տարի առաջ Անգլիայում գրի առնված «Կապույտ գրքով», կասկածի տակ է դրել այդ գրքի հավաստիությունը, մասնավորապես ավելացրել է. «Նման բնույթի անհիմն քարոզարշավներն անցնելու են ապարդյուն: Դիմում ենք (ցեղասպանության) պնդումների հեղինակներինՙ տեղեկացնելով, որ մենք բացել ենք մեր պետական արխիվները, եթե նրանք անկեղծ են պնդումներում, ապա թող բացեն իրենց արխիվները: Այստեղ պետք է աշխատեն պատմաբաններից եւ գիտաշխատողներից կազմված հանձնախմբերը: Եթե դրանից հետո անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել, ապա Թուրքիան կձեռնարկի: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք նաեւ քաղաքականապես հաշվետու լինել պատմության առջեւ: Չենք ուզում ատելությամբ եւ քենով թունավորել ապագա սերունդներին»:

Դրան է հետեւել Բայքալի հայտարարությունը: Նա նշել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը զուգընթաց թափ է ստանալու Հայոց ցեղասպանության քարոզչությունը: Բայքալը պայմանավորելով դա լոբբիիստական գործունեությամբ, մատնացույց է արել քարոզչության «քաղաքական» բնույթը, ապա արխիվները բացելու կոչով դիմել է հայերին եւ ասել. «Բոլորը պետք է պատրաստ լինեն ճշմարտությանը դեմ առ դեմ դուրս գալու»:

Վերջում Բայքալն ավելացրել է. «Ցեղասպանությունը լուրջ մեղադրանք է, պետք է ապացուցվի պատմական փաստերով: Մինչդեռ Թուրքիայի դեմ մղվող քարոզարշավում ընդամենը մեղադրանք է հարուցվում եւ փորձ անգամ չի արվում բացահայտելու ցեղասպանության գլխավոր առանձնահատկությունները: Մենք այդ ճշմարտությունն աշխարհին Թուրքիայի ազգային մեծ ժողովից արված կոչով հայտնելու շուրջը եկել ենք լիարժեք համաձայնության»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4