Պոյկովսկում ավարտված շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց ֆրանսիացի գրոսմայստեր Էթիեն Բաքրոն: Ավարտական տուրում Բաքրոն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը մրցաշարի հետնապահ Սադվակասովի հետ եւ վաստակելով 6 միավոր, նվաճեց գլխավոր մրցանակը: Նույնքան միավոր ուներ նաեւ մոլդովացի Վիորել Բոլոգանը, որը վերջին տուրերում գլխավորում էր աղյուսակը: 9-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Դրեեւի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Բոլոգանը հաղթողի կոչումը զիջեց Բաքրոյին: Ավարտական տուրի մյուս պարտիաներն էլ (Գրիշչուկ-Վահանյան, Օնիշչուկ-Սվիդլեր, Ռուբլյովսկի-Դոմինգես) խաղաղ ելք ունեցան:
Ռաֆայել Վահանյանն իր հնարավորությունները լիովին չդրսեւորեց այս մրցաշարումՙ 9 պարտիաներում վաստակելով ընդամենը 4 միավոր: Նա այդպես էլ չճաշակեց հաղթանակի քաղցրությունը եւ Օնիշչուկի ու Դոմինգեսի հետ բաժանեց 6-8-րդ տեղերը: 3-4-րդ տեղերում 5,5-ական միավորով Դրեեւն ու Գրիշչուկն են: 5 միավոր վաստակեց Սվիդլերը, իսկ Սադվակասովը 1,5 միավորով եզրափակեց աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ