«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2005-03-05 | #41, 2005-03-08 | #42, 2005-03-10


ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՆ Է

Դեռեւս 2001 թվականին, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության նպատակով, ԼՂՀ-ում ընդունվել էր օրենք, իսկ 2002 թվականին կառավարությունը որոշում էր ընդունել ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման քաղաքականության եւ ռազմավարության հիմնադրույթների մասին: Հաջորդ տարումՙ 2003-ին ընդունվել է ՓՄՁ զարգացման տարվա պետական ծրագիրը հաստատելու ԼՂՀ օրենքը: Նույն թվականին էլ, ծրագրի համաձայն, ստեղծվեց «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամը` ծրագրային միջոցառումների համակարգով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սայադյանի խոսքերով, միայն 2004 թ. ստեղծվել է շուրջ 319 ՓՄՁ-ի սուբյեկտ: ՓՄՁ-ի ոլորտի մասնակցությունը ՀՆԱ-ում եղել է շուրջ 30 տոկոս:

Հիմնադրամի օժանդակությամբ նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական ծառայությունների մատուցում հետեւյալ ուղղություններով` իրավական, ընկերությունների կառավարման, ֆինանսական (վարկային եւ ներդրումային), շուկաների (ներքին եւ արտաքին) ուսումնասիրման, գործարար ծրագրեր կազմելու, որակի կառավարման եւ այլ խորհրդատվական ծառայություններ:

ԼՂՀ տարածքում ներկայումս գործում է ավելի քան 870 ՓՄՁ-ի սուբյեկտ: Ինչ վերաբերում է «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամի ցուցաբերած աջակցությանը, ապա Վ. Սայադյանի խոսքերով, 2005 թ. դրությամբ հիմնադրամը տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել 200-ից ավել ՓՄՁ-ի սուբյեկտների: Բացի դրանից, ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվել է ֆինանսական եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնման, նորարարությունների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, թողարկվող արտադրանքի շուկաներ առաջմղման, ուսուցողական, սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն եւ այլն:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նաեւ նշեց, որ ՓՄՁ-ի սուբյեկտների արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով կազմակերպվել եւ ապահովվել է մի շարք սուբյեկտների մասնակցությունը Երեւան քաղաքում 2003 թ. սեպտեմբերի 22-24-ը կայացած Հայաստան-սփյուռք առաջին տնտեսական համաժողովին ու դրան կից կազմակերպված ցուցահանդեսին, ինչպես նաեւ 2004 թ. հունիսի 1-3-ը կայացած ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատի առաջին տնտեսական համաժողովին եւ դրան կից կազմակերպված EXPO-2004 ցուցահանդեսին:

Վ. Սայադյանը «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում մտահոգություն հայտնեց , որ ոչ քիչ թվով փոքր եւ միջին ձեռնարկատերեր համապատասխան գործունեություն ծավալելու համար չունեն անհրաժեշտ մասնագիտական որակավորում, իսկ երբեմն նույնիսկ` միջնակարգ կրթություն: Այս առնչությամբ նա նշեց, որ հիմնադրամը գործող եւ սկսնակ գործարարների համար այսօրվա դրությամբ հրատարակել է գործարար տեղեկատու եւ «Խաղողագործություն N 1» գրքույկներ: Միեւնույն ժամամակ գործարար հմտությունների զարգացման եւ գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացրած հայտերի:

ՓՄՁ-ների գերակշիռ մասը տեղակայված է մայրաքաղաք Ստեփանակերտում: Զուտ ռազմավարական տեսանկյունից, թերեւս, կարեւոր խնդիր է նաեւ շրջաններում ՓՄՁ-ների գործունեության աշխուժացումը եւ զարգացումը: Համաձայն լինելով այս տեսակետին, Վ. Սայադյանը տեղեկացրեց, որ ծրագրի ֆինանսական նշանակալի մասն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը: Մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամը 2004 թ. հունվարի մեկից մինչեւ 2005 թ. հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորել է 46 գործարար ծրագիր, որից 32-ըՙ ԼՂՀ շրջաններում:

Հիմնադրամը ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տալիս է գյուղատնտեսությանը եւ արտադրության ոլորտում գործող, նորարարություններ եւ բարձր տեխնոլոգիաներ կիրառող, արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաեւ սկսնակների, երիտասարդների, կանանց ու փախստականների ձեռներեցության զարգացմանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4