«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2005-03-08 | #42, 2005-03-10 | #43, 2005-03-11


«ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՈՐ ՆԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԻՑ»

Էրդողանը հրաժարվել է Հայաստանի հետ սահմանի բացման բանակցություններ վարելուց

«Արեւմուտքն ասում է Ադրբեջանին, որ նա պատերազմում կորցրել է Ղարաբաղը եւ պետք է հրաժարվի այդ տարածքից` հանուն խաղաղության եւ բարեկեցության ու առաջ տանի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը: Նման խոսակցությունները միայն սաստկացնում են ազգայնամոլականների դիրքորոշումները, որոնք գտնում են, որ նավթային եւ գազային մեծ եկամուտները թույլ կտան իրենց ռազմական ուժով վերադարձնել տարածքները», ասել է Վաշինգտոնի Նիքսոնի կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկայի ծրագրերի տնօրեն տիկին Զեյնո Բարանը:

Ամերիկացի վերլուծաբանը, ըստ «Մեդիամաքսի», այս մասին ասել է մարտի 8-ին` ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովումՙ «Ժողովրդավարության ապագան սեւծովյան տարածաշրջանում» լսումների ընթացքում: ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում, Ռուսաստանի դերը, հակամարտությունների կարգավորման հարցերը, ժողովրդավարության առաջընթացըՙ այս թեմաներով ելույթներ են ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոն Թեֆթը, Վաշինգտոնի Անցումային ժողովրդավարությունների ծրագրի նախագահ Բրյուս Ջեքսոնը, Վաշինգտոնի Ջեյմսթաունի հիմնադրամի վերլուծաբան Վլադիմիր Սոկորը:

Նիքսոնի կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկայի ծրագրերի տնօրենն ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համոզված են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: «Հայաստանը կարծում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին` Ադրբեջանից Ղարաբաղի փաստացի առանձնացումը իրավաբանորեն ձեւակերպելու համար: Նրանք կարծում են, որ Ադրբեջանը ռիսկի չի դիմի եւ չի սկսի պատերազմը, հասկանալով, որ նավթա-գազատարները կարող են գրոհի ենթարկվել եւ հանգեցնել տնտեսության քայքայմանը», ասել է Բարանը:

Բարանը կարծում է, որ «ԱՄՆ-ը պետք է ամենաբարձր մակարդակով ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որպեսզի փոփոխի քաղաքական եւ տնտեսական պայմանները եւ երկու կողմերի հաշվարկները»: Նա հիշեցրել է, որ 2002 թվականին նախագահներ Բուշը եւ Պուտինը հանդես եկան Աբխազիայում եւ Ղարաբաղում սառեցված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ, «սակայն հետագա քայլեր չարվեցին»:

«Ղարաբաղյան գործընթացը թողեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը չի կարող լուծում ապահովել, քանի որ հարցը ամենաբարձր մակարդակով քննարկումներ է պահանջում: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսության շարունակության դրական հանգամանքին, լուծում գտնելու անկարողությունը մարդկանց հիասթափության պատճառ է դառնում եւ վնասում է ԵԱՀԿ-ի հեղինակությանը», ասել է Բարանը:

«Բացի Բուշի եւ Պուտինի մակարդակով քննարկումների շարունակությունից, ղարաբաղյան խնդրի լուծման համար Հայաստանում եւ Ադրբեջանում անհրաժեշտ է ժողովրդավարական առաջընթաց, որպեսզի կառավարություններն իրենց ժողովուրդների աչքերում լեգիտիմություն վայելեն, որն անհրաժեշտ է վերջնական լուծմանն օժանդակելու համար: ԱՄՆ-ը պետք է կոչ անի երկու երկրների ղեկավարներին ժողովրդավարացման գործընթացն ընկալել որպես տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը հասնելու անհրաժեշտ պայման», նշել է Բարանը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոն Թեֆթը հայտարարել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնում են էական տարաձայնություններ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, սակայն նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը»: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ ոգեւորված ենք նախորդ տարվա ընթացքում անցկացված բանակցություններով», ասել է Թեֆթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել էր, որ չնայած ԱՄՆ-ի վարած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման քաղաքականությանը, «բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին, քանի որ դա աղետալի քայլ կլինի»:

Մարտի 4-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը «վիճելի տարածք» էր անվանել Լեռնային Ղարաբաղը: Ելույթ ունենալով Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Ռուպելն ասել էր, որ «Մոլդովայում, Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում ԵԱՀԿ-ն ակտիվորեն փորձում է կարգավորել հակամարտությունները, որոնք ժամանակին համարվում էին սառեցված, սակայն վերջերս սկսել են «հալեցվել»:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում Զեյնո Բարանն ասել է, որ «հայկական սփյուռքի ուժը սահմանափակում է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները խրախուսելու ԱՄՆ հնարավորությունները»:

«Մ. Նահանգները պարզապես չի կարող նույնպիսի ճնշում գործադրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, ինչպես Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի վրա: Նույնիսկ չի կարելի պատկերացնել, որ Վաշինգտոնը սպառնա հայկական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին թույլ չտալու վերջիններիս մուտքը ԱՄՆ տարածք` ընտրությունների կեղծման դեպքում», ասել է Բարանը:

Անցումային ժողովրդավարությունների ծրագրի նախագահ Բրյուս Ջեքսոնն իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ը պետք Թուրքիայի հետ քննարկի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցերը: «Այն փաստը, որ նախորդ դարի սկզբին Օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակումները թուրքական պաշտոնատար անձանց վրդովմունքի պատճառ են դառնում, ամենեւին չի նշանակում, որ պատմական հարցերը չպետք է քննարկվեն ժողովրդավարական դաշնակիցների միջեւ», հայտարարել է Ջեքսոնը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրաժարվել է բանակցություններ վարել Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալՙ դրանով իսկ խոչընդոտ ստեղծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների ճանապարհին:

Իր հերթին Զեյնո Բարանն ասել է, որ ԱՄՆ- Թուրքիա հարաբերություններում նախկինում եւս եղել են վերելքներ եւ վայրէջքներ, սակայն «Թուրքիայում հակաամերիկյան տրամադրությունների այսօրվա մակարդակն աննախադեպ է: BBC-ի վերջերս կատարած հետազոտությունը արձանագրել է, որ թուրքերի 82 տոկոսը բացասաբար է վերաբերվում Բուշի վարչակազմի քաղաքականությանըՙ Ամերիկան համարելով խաղաղության ամենամեծ սպառնալիքներից մեկը»:

Բարանը հայտարարել է, որ «հաշվի առնելով Թուրքիայում տարածված այն կարծիքը, որ ԱՄՆ-ը կամպանիա է վարում Թուրքիայի դեմ, այս տարի Կոնգրեսի կողմից «Հայկական բանաձեւի» ընդունումը կարող է ջախջախիչ հետեւանքներ ունենալ»: «Նման բանաձեւը ջուր կլցնի Թուրքիայում աճող հակաամերիկյան ու ազգայնամոլական տրամադրությունների ջրաղացին եւ վնաս կհասցնի հայ-թուրքական մերձեցմանը», կարծում է Բարանը:

Ջոն Թեֆթը, ըստ վրացական «Civil.ge» ինտերնետային թերթի, ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Մոլդովայի եւ Վրաստանի անջատողական շարժումներին: Իր հերթին Բրյուս Ջեքսոնը նկատել է, որ Մերձդնեստրը, Աբխազիան եւ Հարավային Օսիան դարձել են զենքի, թմրանյութերի, կանանց եւ երեխաների, թրաֆիկինգի վայր: Վլադիմիր Սոկորի կարծիքով, Ռուսաստանը ցանկանում է չկարգավորված պահել ԱՊՀ տարածքի հակամարտությունները, որպեսզի «ճնշումներ բանեցնի Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Մոլդովայի վրա եւ խոչընդոտի նրանց Եվրատլանտյան ինտեգրացիային»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4