ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, համաձայն BBC-ի, երեկ հայտարարել են, որ պատրաստ են 3-4 տարում Ախալքալաքի 62-րդ եւ Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանները հանել Վրաստանի տարածքից: Մինչեւ վերջերս Մոսկվան պնդում էր, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն 11 տարի: «3-4 տարին նվազագույն անհրաժեշտ ժամկետն է», «Ինտերֆաքսին» ասել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից Անատոլի Մազուրկեւիչը: «Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՊՆ մի բարձրաստիճանի, հաղորդում է, որ Վրաստանից 2 ռուսական ռազմակայանները դուրս են բերվելու, երբ «Կովկասում կձեւավորվեն ռուսական նոր լեռնահրաձգային բրիգադներ»: «Վրաստանում մեր հավերժ ներկայությունն անհնար է: Մենք հեռանալու ենք Կովկաս, որտեղ ձեւավորվում են լեռնահրաձգային բրիգադներ, որոնց ձեւավորումը կավարտվի 3-4 տարի հետո», ասել է պաշտոնյան: