«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2005-03-10 | #43, 2005-03-11 | #44, 2005-03-12


ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Կիրակի օրը Ախալքալաքում նախատեսված է բողոքի հանրահավաք

Կիրակի օրը Ախալքալաքի հրապարակում նախատեսված է բողոքի հանրահավաք: Տեղական հեռուստատեսությունն այս մասին արդեն տեղեկացրել է բնակչությանը: Ինչպես հայտնի է, Ախալքալաքում է տեղակայված ռուսական 62-րդ ռազմակայանը, որի դուրսբերմանը դեմ է տեղի հայ բնակչությունը:

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի երեկոյան ընդունեց մի բանաձեւ, որով հորդորում է երկրի կառավարությանը, որպեսզի վերջինս Ռուսաստանից պահանջի Բաթումի 12-րդ եւ Ախալքալաքի 62-րդ ռազմակայանները դուրս բերել մինչեւ տարեվերջ: Վրաց խորհրդարանականները 158 կողմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ Ռուսաստանից պահանջում են մինչեւ 2006 թ. հունվարի 1-ը հեռանալ Վրաստանից, եթե մինչեւ մայիսի 15-ը Մոսկվան եւ Թբիլիսին վերջնականորեն չհամաձայնեցնեն Վրաստանի տարածքից ռուսական երկու ռազմակայանների դուրսբերման ժամկետները:

Քվեարկությանը ձեռնպահ, այսինքնՙ դեմ են քվեարկել Վրաստանի խորհրդարանի 2 հայ պատգամավորներՙ Վան Բայբուրթյանը եւ Նինոծմինդայից ընտրված Հենզել Մկոյանը: Մյուս 3 հայ պատգամավորներից Ծալկայից ընտրված Հայկ Մելտոնյանը կողմ է քվեարկել, մինչդեռ Ախալքալաքից 2 պատգամավորներըՙ Մելիք Ռաիսյանն ու Համլետ Մովսիսյանն ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: Ի դեպ, մի քանի տարի առաջ, երբ Վրաստանի խորհրդարանը քվեարկեց վրաց-աբխազական հակամարտության գոտուց ԱՊՀ մանդատը կրող ռուս խաղաղարարների դուրսբերման օգտին, միակ դեմ քվեարկողը եղել էր Վան Բայբուրթյանը:

«Հուսով ենք, որ Ռուսաստանն ըմբռնումով կմոտենա (խորհրդարանի որոշմանը) եւ մոտ ապագայում կգնա լուրջ փոխզիջումների», BBC-ն մեջբերում է խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վրաց խորհրդարանականների որոշումը որակել է «ոչ արդյունավետ»: «Այս խնդիրը ճնշման եղանակով հնարավոր չէ լուծել», ասել է ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վյաչեսլավ Սեդովը: Նախօրեին ռուս պաշտոնատարները հայտարարել էին, որ պատրաստ են մոտակա 3-4 տարիներին Ախալքալաքից եւ Բաթումից զորքերը դուրս բերել: Ավելի վաղ Մոսկվան պահանջում էր 11 տարի:

Չնայած Ջավախքում բնակվող հայերի վերաբերմունքը ռուսական ռազմակայանի հանդեպ վերջին ամիսներին փոխվել է, այնուամենայնիվ, տեղի հայությունը ռուսական ռազմական ներկայությունը համարում է անվտանգության եւ հոգեբանական կարեւոր գործոն: Վերջին ամիսներին Ախալքալաքի ռազմակայանի հայ զինծառայողների թիվը պակասել է, քանի որ նրանց փոխարինել են զինվորականներ Հյուսիսային Կովկասի Հանրապետությունից եւ Ռուսաստանից, այնուամենայնիվ, 62-րդ ռազմակայանը շարունակում է աշխատանքով ապահովել հարյուրավոր տեղացի բնակիչների, որոնք բարձր աշխատավարձի շնորհիվ ի վիճակի են կերակրել իրենց ընտանիքները: Հենց այդ էր պատճառը, որ տեղի հայ բնակչությունը խիստ բացասաբար արձագանքեց հայերի փոխարեն Ռուսաստանի զինծառայողների ժամանման իրողությանը:

«Իմ կարծիքով, եթե Ախալքալաքի բնակիչները չեն ծառայելու ռազմակայանում, ապա այն այլեւս անհրաժեշտ չէ տեղացիներին, քանի որ նույն տնտեսական էֆեկտը չի ունենա: Իմ կարծիքով, ախալքալաքցիներն այլեւս Ռուսաստանին պետք չեն: Նման ռազմակայանը մեզ իրականում պետք չէ», վերջերս հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել էր Ախալքալաքի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Երեմյանը:

Հիշեցնենք, որ 1999 թ. Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում Ռուսաստանը պարտավորվել էր իր զորքերը դուրս բերել Վրաստանից, սակայն հստակ ժամկետներ չէին նշվել, ինչը Մոսկվային հնարավորություն է տալիս անընդհատ ձգձգել Ախալքալաքից եւ Բաթումից ռազմակայանները դուրս բերելու հարցը:

Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշմամբ, եթե մինչեւ մայիսի 15-ը Մոսկվան չնշի ռազմակայանների դուրսբերման հստակ ժամկետները, ապա հնարավոր է, որ վրացական կողմը դիմի ծայրահեղ քայլերի, մասնավորապես դադարեցնի էլեկտրաէներգիայի առաքումները ռազմակայաններին, ինչպես նաեւ Վրաստանի ԱԳՆ-ն հրաժարվի վիզաներ տրամադրել ռուս զինծառայողներին:

Վրաստանի նախագահը մի քանի օր առաջ դարձյալ հայտարարեց, որ ռազմակայանները պետք է դուրս բերվեն, դա «մեր հստակ եւ կոշտ դիրքորոշումն է»: «Վրաստանը ինքնիշխան պետություն է, որեւէ մեկը չի կարող մեր տարածքում ունենալ իր ռազմակայանները, չնայած դրանք մնացել են նախորդ վարչակարգից», ասել է Միխայիլ Սաակաշվիլին:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4