«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2005-03-10 | #43, 2005-03-11 | #44, 2005-03-12


ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԻՔ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները եւ ինտեգրումը բարձրագույն կրթության եվրոպական տարածք» թեմայով երեկ Ծաղկաձորում երկօրյա քննարկում էին հրավիրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, կրթության ազգային ինստիտուտը եւ «Բաց հասարակության ինստիտուտի» Հայաստանի աջակցության հիմնադրամը: Հրավիրված էին Ազգային ժողովի, կառավարության, կրթության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, միջազգային կազմակերպությունների անդամներ եւ այլք:

Ներկայացվեցին բարձրագույն կրթության բարեփոխումներիՙ Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքները, մեր բուհական համակարգի ներկայիս պատրաստվածության մակարդակը, ուրվագծվեցին առաջնային խնդիրներն ու ծրագրերը: Ելույթ ունեցան Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը եւ ուրիշներ:

Հրանուշ Հակոբյանը առանձնացրեց ներկա փուլում բուհական համակարգի առավել ծանր խնդիրները, որոնք մեծապես կապված են ուսանողի առաջարկի եւ պահանջարկի, մասնագետների մրցունակության, բուհերի հավատարմագրման եւ լիցենզավորման, ուսման որակի, բուհ եւ գիտություն կապի, ուսման երկաստիճան համակարգի հետ: Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը խոսելով բուհական կրթական նոր չափանիշների մասին, շեշտեց ֆինանսական ներդրումներ կատարելու անհրաժեշտությունըՙ ներկայիս խնդիրները լուծելու եւ դժվարությունները հաղթահարելու համար: Հրանուշ Հակոբյանի հիշատակած խնդիրներին կրթության նախարարը հավելեց նաեւ կրեդիտային համակարգի ուսումնասիրումն ու ներդրումը, հաշվի առնելով արդեն ձեռք բերած որոշակի փորձը:

Իսկ ի՞նչ չափանիշներ են ներկայացվում Բոլոնիայի անդամ երկրներին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանի ասելով դրանք շատ չեն. պահանջվում է լինել եվրոպական կոնվենցիայի անդամ, ընդունել Բոլոնիայի հիմնարար 5 սկզբունքները եւ իրականացնել այդ գործընթացի բովանդակային 10 ուղղությունները: Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանն արդեն ներկայացրել է ազգային զեկույցը, որը գոհունակությամբ է ընդունվել, եւ այս տարվա մայիսին անդամակցությունը դառնում է փաստ ու պարտավորություն:

Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվի մեր բուհական համակարգը: Առաջինՙ ուսանողների, դասախոսների անարգել շարժունություն մեծ Եվրոպայի տարածքում, երկրորդՙ ինքնավար բուհեր, ներքին կազմակերպական եւ կառավարման ինքնուրույնություն, երրորդՙ ուսանողություն եւ բուհ, այսինքն ուսանողները պետք է մասնակից լինեն կառավարման եւ շատ այլ հարցերի կարգավորմանը: Պրն Սարգսյանը հատկապես ընդգծեց չորրորդՙ բարձրագույն կրթությունը որպես հասարակական բարիք եւ պատասխանատվություն սկզբունքի կարեւորությունը, որը մեզանում գրեթե չի քննարկվել: Եվ վերջապես հինգերորդ սկզբունքըՙ սոցիալական չափայնությունը, որը ենթադրում է ուսման մատչելիություն հասարակության բոլոր խավերի համար:

Նրա դիտարկմամբ, Հայաստանի համար խնդրահարույց է հատկապես առաջին սկզբունքը, որը ենթադրում է «ուղեղների արտահոսք», քանի որ ուսանողների գործուղումները ոչ թե պետական աջակցությամբ են, այլ զուտ դրամաշնորհներով: «Ո՞րն է ելքը այս վիճակից: Կարծում եմ, մենք պետք է մասնակցենք շարժունության եվրոպական ծրագրերին, միաժամանակ դրամաշնորհների համար խստորեն սահմանափակելով վերադարձի պայմանները, որոնք իսկապես գոյություն ունեն եւ ամրագրված են Համաշխարհային բանկի աջակցության փաստաթղթերում», ասաց նա:

Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը «Ազգի» հետ զրույցում ընդգծեց, որ բուհի հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի շրջանավարտին աշխատանքի տեղավորելը, մինչդեռ մեզանում պետությունը, գուցե եւ հիմնավոր, միջամտում է ուսանողի բուհ ընդունվելուն, սակայն գրեթե ուշադրություն չի դարձնում շրջանավարտների որակին: Իրականում պետք է լինի հակառակը: «Պետությունը պետք է որոշակիորեն սահմանի, թե որ բնագավառի համար ինչպիսի մասնագետ է պետք, պետք է հաշվի առնվեն ներկայիս հնարավորությունները: Օրինակ, մեր ֆակուլտետը ամեն տարի 200 ուսանող ընդունելու հնարավորություն չունի, բայց ընդունում է, որպեսզի համալսարանը գոյատեւի վճարովի համակարգի օգնությամբ: Արդյունքում ամեն հոսքում ունենում ենք գիտելիքների տարբեր մակարդակի 100 ուսանողներ, որոնց հետ աշխատելու համար հատուկ ջանքեր են պահանջվում: Եթե ներկայանալի լինենք Եվրոպայում, առաջին հերթին պետք է որակով շրջանավարտ տանք, իսկ դա հնարավոր է միայն ուսանողների սահմանափակ թվի եւ բարձր գիտելիքների պայմաններում», ասաց նա:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4