«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2005-03-10 | #43, 2005-03-11 | #44, 2005-03-12


ԳԱԶԻ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը բուհական կրթական բարեփոխումներին նվիրված քննարկման ընդմիջմանը պատասխանելով «Ազգի» հարցին, թե համալսարանը երբեւէ դիմե՞լ է ՀՀ գլխավոր դատախազությանը ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի սպանության բացահայտման պահանջով, պատասխանեց, որ անցած տարի համալսարանի եւ ֆակուլտետի անունից մտահոգություն են հայտնել դատախազությանը: Վերջինս, իհարկե, հավաստիացրել է, որ դեկանի սպանության գործը փակված չէ եւ հետաքննությունը շարունակվում է: Սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը նախորդ շաբաթ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ սպանության գործն արդեն փակված էՙ հետաքննության ընթացքում փաստեր չհայտնաբերելու պատճառով: «Տնտեսագիտության համալսարանում տեղի ունեցած դեկանի եւ դասախոսի վրա կրակելու վերջին միջադեպը արդյունք չէ՞ր Կարեն Մկրտչյանի սպանության անպատժելիության» հարցին պրն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդպես կարելի էր մտածել, եթե բացահայտվեր սպանության վարկածը:

Համալսարանում անվտանգության համակարգ ստեղծելու վերաբերյալ մեր հաջորդ հարցին նա պատասխանեց, որ ներկայիս պահակային ծառայություններն այլեւս չեն բավարարում: Տաքարյուն ուսանողները հաճախ կռվի են բռնվում, եւ մտածում են անվտանգության աշխատակիցների շրջիկ խումբ ստեղծել համալսարանի տարածքի անվտանգությունն ապահովելու համար:

Իսկ գազի ատրճանակնե՞րը: Պարզվում է, այդպիսի ատրճանակներ ունեն ոչ միայն տղաները, դրանք կարելի է տեսնել ուսանողուհիներից շատերի պայուսակում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4