«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2005-03-11 | #44, 2005-03-12 | #45, 2005-03-15


ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Առաջին անգամ աշխարհի ամենահեղինակավոր «Միսս Եվրոպա» մրցույթում հայ գեղուհինՙ Լուսինե Թովմասյանն արժանացավ «Առաջին մրցանակակիր» տիտղոսին` զիջելով միայն Գերմանիայի 22-ամա գեղեցկուհուն, որն արժանացավ «Միսս Եվրոպա-2005» տիտղոսին: Մարտի 12-ին Փարիզի սպորտային պալատում կայացավ «Միսս Եվրոպա-2005» մրցույթը, որին ուղիղ եթերում հնարավորություն ունեցանք հետեւելու Հանրային հեռուստատեսության շնորհիվ: 58-րդ գեղեցկության մրցույթին մասնակցում էին 36 երկրների ներկայացուցիչներ: Փարիզ մեկնելուց առաջ Լուսինե Թովմասյանը նշեց, որ լավագույն հնգյակում ընդգրկվելը կհամարի լավագույն արդյունք: «Ամենահուզիչ պահն այն էր, երբ հայտարարում էին 12 լավագույն գեղեցկուհիների անունները: Թուրքիայի մասնակցի անունը հայտարարելուց հետո հնչեց իմը: Այդ պահին շատ հուզված էի, բայց եւ անասելի հպարտ», ասում է Լուսինե Թովմասյանը «Ազգի հետ ունեցած հեռախոսազրույցում: Նրանից ոչ պակաս հուզմունքով մրցույթին հետեւում էր «Միսս Հայաստան» գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը: «Երբ Լուսինեն ընդգրկվեց լավագույն հնգյակում, դա արդեն մեծ հաղթանակ էր: Բայց, որ կդառնա առաջին մրցանակակիրը, նման արդյունքի չէինք սպասում», պատմում է Կարեն Արիստակեսյանը: Ժյուրիի կազմում էր մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Լուսինեն պատմում է, որ ինքն այդ մասին տեղեկացել է գովազդային հոլովակներից: Գեղուհին ասում է, որ դահլիճը 10 րոպե շարունակ հոտնկայս ծափահարում էր երգչին: «Շառլ Ազնավուրը որոշակի դերակատարություն ունեցավ Լուսինեի հաղթանակի մեջ: Նա ի սկզբանե հայտարարեց, որ եկել է պաշտպանելու հայ գեղեցկուհուն: Սակայն պետք է նշեմ, որ Լուսինեն բավականին լավ էր պատրաստվել մրցույթին», նշում է Կարեն Արիստակեսյանը: Մրցույթին 36 գեղեցկուհիների հետ Լուսինեն նախապատրաստվել է շուրջ մեկ ամիս: Այս ընթացքում նա բարեկամացել է բոլոր մասնակիցների հետ: «Շատ մտերիմ էի հատկապես Գերմանիայի գեղեցկուհու հետ, որի հետ մնում էի նույն սենյակում: Մենք լավ ընկերուհիներ էինք դարձել եւ չէինք էլ ենթադրում, որ եզրափակիչ փուլում կմրցենք իրար հետ», պատմում է Լուսինեն: Հայ գեղեցկուհին նշում է, որ բոլոր մասնակիցներն էլ հաղթանակի արժանի էին, սակայն Անգլիայի ներկայացուցչին էր համարում իր հիմնական մրցակիցը եւ համոզված էր, որ հենց նա էլ կհաղթի: Որպես մրցանակ Լուսինեն ստացել է հայտնի մոդելյորներից մեկի երեկոյան զգեստ: Դեռեւս նախապատրաստական փուլում Լուսինեն բազմաթիվ առաջարկություններ եւ հրավերներ է ստացել, սակայն նշում է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կմնա հայրենիքում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4