Ֆրանսիայի արձանագրությունների եւ բանասիրության ակադեմիայի ու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, «Revue des etudes armeniennes» հանդեսի տնօրեն, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ժան-Պիեռ Մահեն մարտի 23-ին Փարիզում հանդես կգա հրապարակային դասախոսությամբ: ՀԲԸՄ փարիզյան գրասենյակից «Ազգի» ստացած տեղեկատվության համաձայն, դասախոսությունը նվիրված կլինի Եվրոպայի եւ հայերի մշակութային ինքնության աղերսների հարցին:
Միջոցառումը կազմակերպված է Աննի Մահեի համահեղինակությամբ Ժան-Պիեռ Մահեի նոր աշխատության լույսընծայման կապակցությամբ: «Հայաստանն ընդդեմ դարերի փորձության» գիրքը 2005 թ. հունվարին լույս է տեսել Փարիզի «Գալիմար» հրատարակչությունում:
Դասախոսությունը տեղի կունենա Եվրոխորհրդարանի փարիզյան գրասենյակում, որը Սեն-Միշել ճեմափողոցում է: Ժան-Պիեռ Մահեն կանդրադառնա հայ-եվրոպական հարաբերությունների պատմությանը: Թեման արդիական է, քանզի համաեվրոպական մակարդակով բանավեճ է ծավալվել եվրոպական ինտեգրման մեջ սփյուռքի տեղի ու դերի շուրջը: Քննարկումներ սկսվեցին 2005 թ. հունվարին Բարսելոնում «Եվրոքաղաքացիություն եւ Եվրոպայի սփյուռքներ» գիտաժողովի անցկացման կապակցությամբ, որի կազմակերպիչներից մեկն էր ՀԲԸՄ-ն:
Թեմայի արդիականության մյուս պատճառն այն է, որ Հայաստանը փորձում է Եվրոմիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում իր տեղը գտնել Եվրոպայի քաղաքական տարածքում:
ՀԲԸՄ-ն Փարիզում հրապարակային դասախոսությունների եւ հանդիպումների շարք է կազմակերպում Հայաստանին եւ հայկական մշակույթին առնչվող հարցերի լուսաբանման եւ բանավեճերի ծավալման նպատակով:
Պ. Ք.