«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2005-03-11 | #44, 2005-03-12 | #45, 2005-03-15


ՀՐԵԱԿԱՆ ԵՎ ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ ՀՕԳՈՒՏ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

«Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված կեղծ մեղադրանքից այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանության վերին օղակներում ինչ-որ անձինք նպատակաուղղված աշխատում են մեր երկրի միջազգային հեղինակության վարկաբեկման ուղղությամբ: Դրա վառ օրինակներից մեկը 2004 թվականի ապրիլի 12-ին Մ. Նահանգների դեսպանատան դիմաց սեփական քաղաքացիների ծեծուջարդն էր, որի արձագանքներից էր միջազգային ատյաններում ոչ հայանպաստ տրամադրությունների ավելացումը: Անցած տարվա հոկտեմբերին Մ. Նահանգներում ընդունվեց «Հակասեմականության դեմ» օրենք, որը միջազգային ժանդարմի վերածված այդ պետությանը հնարավորություն կտա «հակասեմականության դեմ» պայքարի քողի ներքո միջամտել այլ երկրների ներքին գործերին», ասված է Հայ արիական միաբանության գերագույն խորհրդի հայտարարության մեջ, որը երեկ ներկայացվեց միաբանության գրասենյակում հրավիրված մամլո ասուլիսում:

Փաստաբանների միջազգային միության անդամ Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ դատաքննությունը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 14-ին, որպես վկա հրավիրված են 7 հոգիՙ լրագրողներ, հրեական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչներ: Նրա ասելով, Արմեն Ավետիսյանին ներկայացված մեղադրանքը հիմնավորված չէ, նախաքննության ավարտին քրեական գործը կարճելու միջնորդությունը մերժվել էՙ առանց կոնկրետ պատճառաբանությունների եւ հիմնավորումների: «Կարծում եմ, որ Արմեն Ավետիսյանի արարքում բացակայում է սուբյեկտիվ կողմը, այսինքն, նա ազգային թշնամանք հրահրելու դիտավորություն չի ունեցել, ինչը շատ կարեւոր է: Արմեն Ավետիսյանի բոլոր հրապարակումներում առկա են եղել ոչ թե որեւէ ազգի, այլ բուն գաղափարախոսությանՙ մասոնականության, սիոնիզմի դեմ ընդգծված դրսեւորումները», ասաց նա: Վկայություն կտան Արմեն Ավետիսյանի հետ հարցազրույց վարած բոլոր լրագրողները, հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը եւ քրդական համայնքի անդամներից մեկը:

Հայ արիական միաբանության գերագույն խորհրդի անդամ Մառ Մարտիրոսյանի ասելով, բացի Ռիմա Վարժապետյանից, որպես վկա հանդես կգա հրեական համայնքի անդամ Էտտա Մարկովնան, որի պնդմամբ հրեական համայնքն իբրեւ ղեկավարի ընդունում է միայն ռաբբի Գերշ Բուրշտեյնին: Վերջինս որեւէ մեղադրանք չի ներկայացրել Արմեն Ավետիսյանի դեմ, հետեւաբար նրա դեմ հարուցված քրեական գործը պետք է համարել անհիմն: Հիշյալ տիկնոջ հայտարարությամբ, Հայաստանում հրեական համայնք գոյություն չունի, իսկ Ռիմա Վարժապետյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունն ընդամենը զբաղված է հրեական միջազգային կազմակերպությունների հետ կապեր հաստատելով:

Մառ Մարտիրոսյանը հավելեց, որ ներկա պահին Արմեն Ավետիսյանի վիճակը նորմալ է, ձերբակալության սկզբում նրա անունը վարկաբեկելու դիտավորություն եղել է, սակայն նրա դեմ որեւէ բռնություն չի կիրառվել: Նրա դեմ մեղադրանք է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասով, որով տպագիր մամուլի օգնությամբ ազգամիջյան թշնամանք եւ ռասայական խտրականություն հրահրելու համար սահմանվում է 3-6 տարի ազատազրկում:

Արիական միաբանության գերագույն խորհուրդը Հայաստանի իշխանության վերին օղակներին կոչ արեց Արմեն Ավետիսյանին չդատապարտել կեղծ ու շինծու մեղադրանքով, այլապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ երբեւէ ճնշումներ չկիրառած մեր երկիրն ակամա կդառնա հակասեմականության համար դատված քաղաքական բանտարկյալ ունեցող առաջին պետությունը:

Արմեն Ավետիսյանի մեծ աղմուկ հանած արվամոլ հայ պաշտոնյաների ցուցակի թեման, ինչպես ենթադրելի էր, շրջանցվեց, որովհետեւ բացի միաբանության առաջնորդից, ուրիշ ոչ ոք այդպիսի հայտարարություն անելու իրավասություն չունի:

«Չգիտես ինչու անընդհատ առաջ է մղվում արվամոլների թեման, մինչդեռ ավելի կարեւորը Հայաստանին հակասեմականության դաշտ ներքաշելն է», ասաց գերագույն խորհրդի անդամը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4