«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2005-03-12 | #45, 2005-03-15 | #46, 2005-03-16


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԺԳՈՀԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն երեկ հայտարարել է, որ 2004 թվականին գրանցվել է աշխարհում լրագրողների սպանության ամենաբարձր թիվը վերջին 10 տարիներին: Կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ անցած տարի սպանվել է 56 լրագրող, լրագրողական աշխատանքի համար ամենավտանգավոր երկիրը եղել է Իրաքը, ամենից շատ բանտարկված լրագրողներ կան Չինաստանում: Առանձնակի մտահոգություն է արտահայտվել նախկին Խորհրդային Միությունում լրատվամիջոցների ազատության սահմանափակման վերաբերյալ, բացառությամբ մերձբալթյան երկրների, վերջին ժամանակներս նաեւ Ուկրաինայի:

Կոմիտեն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում հատկապես լռեցվել է հեռուստատեսությամբ հնչող ազատ խոսքը, Բեսլանի ողբերգության ժամանակ գրաքննության են ենթարկվել ռուսական բոլոր լրատվամիջոցները: Ըստ հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը մշտապես հսկողություն է սահմանում լրատվամիջոցների վրա, ինչը խիստ բնորոշ է եղել խորհրդային տարիներին: Մյուս կողմից, Ռուսաստանում տեղի են ունենում լրագրողների պատվիրված սպանություններ, օրինակ, «Forbes» ամսագրի ռուսերեն տարբերակի խմբագիր Խլեբնիկովի սպանությունը անցած տարվա սեպտեմբերին:

Զեկույցում քննադատվել են նաեւ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես նախագահ Քոչարյանը: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ «ընդդիմության գարնանային ցույցերի եւ քաղաքական նուրբ թեմաների հեռուստատեսային լուսաբանումը շահեկան է եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, որն ամեն ինչ արել է, որպեսզի հեռուստակայանները մնան նրանց ձեռքում, ովքեր սատարում են իշխանություններին կամ չեն քննադատում նախագահի քաղաքականությունը»: Նրանք նաեւ փաստել են, որ ապրիլյան ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել լրագրողների անվտանգությունը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն անդրադարձել է նաեւ «Ա1+» հեռուստաընկերությանը, նշելով, որ «եթերը վերահսկող քաղաքականացված մարմինները նախորդ տարիների նման 2004-ին եթերից դուրս են թողել անկախ եւ ազդեցիկ «Ա1+» հեռուստաընկերությունը, որը խստորեն քննադատում էր իշխանություններին»:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրերի համակարգող Ալեքս Լուպիսը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասել է, որ «Ռուսաստանում եւ Հարավային Կովկասում իշխանություններն ավելի ու ավելի անհանդուրժող են դառնում անկախ լրատվության նկատմամբ: Նրանք հենվում են պետական պաշտոնյաների, քաղաքականացված դատարանների, ոստիկանության, դատախազության եւ հատուկ ծառայությունների վրա, փորձելով ահաբեկել եւ վախեցնել լրագրողներինՙ ստիպելով նրանց դիմել ինքնագրաքննության»:

Ռ. Պ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4