«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2005-03-12 | #45, 2005-03-15 | #46, 2005-03-16


ԵՐԵՎԱՆԻ ԽՈՍՈՒՆ ՔԱՐԱՐՎԵՍՏԸ

«Իմ կարծիքով Երեւանի բոլոր հուշարձանները վերանորոգման կարիք ունեն: Դրա համար պետք է ստեղծել մասնագիտական խմբեր, որոնք կուսումնասիրեն հուշարձանները եւ կորոշեն նրանց վերականգնման ձեւերը: Հապաղել չի կարելի, թե չէ մի օր Լ. Թոքմաջյանի հեղինակած Մ. Սարյանի սպիտակամարմար արձանը կգունավորվի, իսկ Ե. Քոչարի կերտած Վարդան Մամիկոնյանի ազնվագույն նժույգը կվերափոխվի զեբրի», ասում է Երեւանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Մեխակ Իզմիրյանը: Նա վաղուց է ուսումնասիրում Երեւանի քանդակները, հուշակոթողներն ու հուշատախտակները եւ տեղեկություններ է հավաքել շուրջ հազար «ծաղկած» քարերի մասին: Դրանք շունչ ու ոգի են ստացել մեր աչքը շոյելու եւ հուշերը վառ պահելու համար, սակայն իրենք են մոռացության մատնվել եւ հայտնվել աննախանձելի վիճակում: «Գրեթե բոլոր հուշարձանները մեր քաղաքում պատված են տարիների փոշու շերտով, ներկով, թռչունների ծերտով, քայքայված են ձյան, անձրեւի, արեւի ու քամու պատճառով: Իրենց հետքն են թողնում նաեւ վայ-հուշարձանասերները, որոնք այլանդակում են հուշարձանները գրություններով ու ներկերով: Նրանք նույնիսկ պոկում-տանում են քանդակների մասեր ու պատվանդանի քարերը: Մանավանդ գարնան գալու հետ երեխաներն ու նույնիսկ երիտասարդներն են «թառում» մեծ հուշարձանների վրա կամ դրանց պատվանդաններին: Մի խոսքով, բնական երեւույթները մի կողմից, մարդիկ` մյուս, փչացնում են հուշարձանները: Մինչդեռ մեզնից ո՞վ թույլ կտա, որ երեխան բարձրանա մեր հարազատների տապանաքարերի վրա, կամ շունն իր պետքերը հոգա դրանց կողքին», հարցնում է Մ. Իզմիրյանը եւ եզրակացնում, որ այս երեւույթը կուլտուրայի պակասից ու չիմացությունից է: «Երեւի շատերը չէին վնասի, նույնիսկ կխնամեին հուշարձանները, եթե իմանային ո՞ւմ կամ ի՞նչ իրադարձության է նվիրված այն, ո՞վ է հեղինակը եւ այլն: Լավագույն ելք եմ համարում արձանների կողքին վահանակների պատրաստումն ու տեղադրումը, որ մեծ ծախսեր չի պահանջում», ասում է Մ. Իզմիրյանը: Նա պատմում է զավեշտական իրողություններ, երբ շատ դպրոցականներ ու նույնիսկ ուսուցիչներ չգիտեն, թե ում քանդակն է դպրոցի բակում դրված, կամ ո՞վ է հեղինակը: Մինչդեռ, ըստ Իզմիրյանի, շատ դպրոցների բակերում բավականին հետաքրքրական լուծումներով արժեքավոր գործեր կան:

Մ. Իզմիրյանը պատմում է նաեւ մոռացված եւ ճանաչում չունեցող հուշարձանների, հուշաքարերի, հուշասյուների, մանավանդ, հուշաղբյուրների մասին: Վերջիններս կարող են լինել յուրաքանչյուրիս բակում, բայց մեր անուշադրության պատճառով անծանոթ լինեն մեզ: Հետաքրքրական է փաստը, որ այդ հուշաքարերն ու ցայտաղբյուր-կոթողները ոչ մի տեղ գրանցված չեն: Այս բացը լրացնելու համար Երեւանի պատմության թանգարանը նախատեսում է պարբերաբար հրատարակել Երեւանի ծանոթ ու անծանոթ հուշարձանների ալբոմներ, որտեղ կլինեն ոչ միայն հանրածանոթ, այլեւ մոռացության մատնված երեւանյան հուշարձանների ալբոմներ:

Որպես ամփոփում Մ. Իզմիրյանը հիշատակում է հայր եւ որդի Բեջանյանների արվեստները: Եթե հայրը` Հովհաննես Բեջանյանը ստեղծել է ջուր ծախող տղայի արձանը, որով հպարտանում է յուրաքանչյուր երեւանցի, ապա որդի Բեջանյանը հեղինակել է Առնո Բաբաջանյանի խիստ վիճելի արձանը, որի «վեհությունը զգալու համար երկար պիտի պտտվես արձանի շուրջը»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4