Փարիզի «Էֆ Վէ, Տուպլվէ» հրատարակչության 2003 թ. լույս ընծայած գեղատիպ շքեղ պատկերագիրքն ամբողջական պատկերացում է տալիս Ասատուրի անձի ու արվեստի մասին: Գեղանկարչական աշխարհում հայտնի մեկնաբան ու քննադատ Ժերար Էքզուրիկերան Ասատուրի մասին ներկայացնում է բավականին հետաքրքրական ուսումնասիրություն:
Այս մասին տեղեկանում ենք Փարիզի «Յառաջ» օրաթերթում հրապարակված լիբանանահայ նկարիչ Հարություն Թորոսյանի «Գեղատիպ գիրք մըՙ Ասատուրի արուեստի մասին» հոդվածիցՙ արտատպված «Ազդակ» օրաթերթից:
Հատորը մեծադիր գունագեղ հրատարակություն է (223 էջ)ՙ ներկայացնող ֆրանսահայ նկարչի 40-ամյա ստեղծագործության երեք ու հիմնական ուղղություններըՙ գծանկար (գրաֆիկա), փորագրություն, գեղանկարչություն:
Գրքի առաջին բաժնում հեղինակը հանգամանալի վերլուծության է ենթարկում Ասատուրի արվեստի գծապատկերային եւ գեղանկարչական մտածողության դրսեւորումները (116 էջ), երկրորդ բաժնում (72 էջ) ներկայացվում է գրաֆիկական (46ՙ սեւ ու սպիտակ եւ 27ՙ գունավոր) գործերը եւ գծագրությունները (թվովՙ 7), դրանց ժամանակային փոփոխություններն ու զարգացումները: Երրորդ բաժինը նվիրված է գեղանկարչական աշխատանքներին (թվովՙ 68): Ասատուրի բոլոր աշխատանքներին հատուկ է ծայրաստիճան բծախնդրությունն ու ինքնատիպությունը:
Արվեստաբան Ժերար Էքզուրիկերան գրում է. «Ասատուր խորհրդաւոր, իշխան գաղտնագրութեան. զուսպ այլ խրոխտ նկարագրով, կը յայտնուի իբրեւ ամենէն բծախնդիր վարպետը պատկերի, զոր կը խառնշտկէ, կը հոսեցնէ, կը միախառնէ, կը բաժնէ տակաւինՙ վերջապէս կանգնելու համար նոյնինքն իր էութեան»:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Փարիզի «Քայիէ դ՛Ար» պատկերասրահումՙ հեղինակի գործերի ցուցադրությամբ:
Հայաստանյան արվեստասերներին, ցավոք, սակավ հայտնի Ասատուրի ստեղծագործություններըՙ արդիական ոճերի ու մտածողության խորհրդապատկերների արտահայտություններն այսօրվա կերպարվեստի համաշխարհային չափանիշներով, ֆրանսահայ նկարչին իրավամբ միջազգային ճանաչման են հասցրել:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ