«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2005-03-15 | #46, 2005-03-16 | #47, 2005-03-17


ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՃԱԽԵԼՈՒՑ

Երեւանում այսօր գործում է 225 մանկապարտեզ, դրանք ֆինանսավորվում են համայնքային բյուջեներից: Թե մայրաքաղաքում, թե առավել եւս մարզերում գործող մանկապարտեզները ծանրաբեռնված չեն, դրանց գերակշիռ մասը սաների կարիք ունի: Կրթության նախարար Սերգո Երիցյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ մայրաքաղաքում 5-6 տարեկանների ընդգրկվածությունը կազմում է 30 տոկոս, իսկ 1-5 տարեկաններինըՙ 15 տոկոս: Բացի Արմավիրի մարզից, որն ունի 5-6 տարեկանների 40 տոկոս ընդգրկվածություն, մյուս մարզերում, հատկապես Վայոց ձորում, Տավուշում եւ Լոռիում երեխաների ընդգրկվածությունը բավականին ցածր է:

Նախարարի ասելով, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվող «Վաղ մանկության զարգացման» 2005-2009 թթ. ծրագրով նոր մանկապարտեզներ կբացվեն հիմնականում մարզերում, որովհետեւ Երեւանում փակված մանկապարտեզներ չունենք: Մարզերում դրանք փակվել են հատկապես լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում եւ տեղի համայնքները դրանք վերաբացելու միջոցներ չունեն: Նախադպրոցական հիմնարկներ բացելու անհրաժեշտություն կա նաեւ մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերում, օրինակՙ Ջրվեժ գյուղում, որտեղ ոչ մի մանկապարտեզ գոյություն չունի:

Երեւանի մի քանի թաղապետարանների կրթության բաժինների վարիչներից հեռախոսազրույցով տեղեկացանք, որ, օրինակ, Դավթաշեն համայնքում նախկին 10 մանկապարտեզներից այժմ գործում են 5-ը, Ավանումՙ 10-ից 7-ը, Շենգավիթում օպտիմալացվել է 4-5 մանկապարտեզ, այժմ գործում է 31-ը, Էրեբունի համայնքում կա 14 մանկապարտեզ, փակվել են 2-ը, այժմ էլ դրանց մեծ մասը թերծանրաբեռնված է հատկապես Էրեբունի զանգվածում: Կենտրոն համայնքում կա 22 մանկապարտեզ, վերջին 2 տարիներին փոքր խմբեր ունեցող 2 մանկապարտեզներ կցվել են հարեւան մանկապարտեզներին:

Վերջին տարիներին կրճատված մանկապարտեզներին զուգահեռ Երեւանում խիստ մոդայիկ դարձան 3-7 տարեկանների համար բացված քոլեջները: Կինոյի տան հարեւանությամբ գործող «Էրուդիտ» քոլեջի դիմաց զրուցեցինք այնտեղ հաճախող երեխաների ծնողներից մի քանիսի հետ: Ի դեպ, նրանք քոլեջ են գալիս Արաբկիր համայնքից, նույնիսկ Չարբախից: Իսկ թե ինչո՞ւ են քոլեջը նախընտրում մանկապարտեզից, ծնողները պատասխանեցին, որ մանկապարտեզներում երեխաները շուտ-շուտ են հիվանդանում: Հիմնական դժգոհությունը դա էր: Նախարարի ասելով, պետք է լուծել մանկապարտեզների ջեռուցման, սննդի եւ ռեժիմի հետ կապված խնդիրները: «Մեր քաղաքականության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի ոչ թե երեխային մանկապարտեզ գնալ պարտադրելը, այլ ազատ ու ճկուն գրաֆիկ ստեղծելը, որպեսզի ծնողն իր երեխային մանկապարտեզում թողնի այնքան ժամանակ, ինչքան կամենում է եւ վճարի դրան համապատասխան: Կարծում ենք, որ մանկական հիմնարկը պետք է հարմարվի ծնողին, նրա աշխատանքի գրաֆիկին եւ երեխայի դաստիարակության խնդրին: Իհարկե, կա նվազագույն 4 ժամի խնդիրը, որը թույլ կտա երեխային որոշակի գիտելիքներ ստանալու: Մանկապարտեզը պետք է դիտել ոչ միայն դաստիարակության, այլեւ կրթության օջախ: Կրթական ծրագիրը պետք է լինի խաղային ու ավեի դյուրին, բայց օրվա ընթացքում առնվազն 4 դասաժամ պետք է լինի, որպեսզի երեխան որոշակի ծրագիր յուրացնի», ասաց կրթության նախարարը:

Վաղ մանկության պաշտպանության խնդիրները լուծելու համար պետությունը համայնքին տալիս է լրավճարներ: Ըստ նախարարի, աղքատության հաղթահարման ծրագրերում լրավճարներն ավելի առարկայական կլինեն եւ առաջիկա տարիներին կավելանան, որպեսզի մանկական հիմնարկները դառնան մատչելի եւ երեխաների ընդգրկվածությունը մեծանա:

Տարբեր համայնքներում մանկապարտեզների վճարները տարբեր ենՙ 3-10 հազար դրամ յուրաքանչյուր ամսվա համար, կախված համայնքի մանկապարտեզի բյուջեում կատարած ներդրումից: Մանկապարտեզի վարիչները ստանում են 18 հազար, իսկ դայակներըՙ 13 հազար դրամ աշխատավարձ:

2006 թվականին իրականացվելիք նախադպրոցական բարեփոխումները ենթադրում են, որ առաջին հերթին պաշտպանության տակ կառնվեն անվճարունակ ծնողների երեխաները: Հայաստանի մի քանի քաղաքներում, օրինակՙ Քաջարանում, Նոր Հաճընում համայնքները հոգում են անապահով ընտանիքների երեխաների ծախսերը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4