«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2005-03-16 | #47, 2005-03-17 | #48, 2005-03-18


ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Գեղեցկությունն աշխարհը կփրկի» հայտնի արտահայտությունը, իհարկե, հարաբերական է, որովհետեւ աշխարհն ինքնին գեղեցիկ է եւ չգիտես, թե ինչու կարիք ունի փրկության... Հավերժ կանացին- հավերժական գեղեցությունը կյանքը մշտանորոգ պահելու բանալին է:

Երեկ «Արարատ» հյուրանոցի սրահներից մեկում վիցե «Միսս-Եվրոպա 2005»-իՙ Լուսինե Թովմասյանի հետ հանդիպումը դրա վկայություններից մեկն էր: Մի քանի օր առաջ, երբ Հ1-ը հնարավորություն տվեց ուղիղ եթերով հետեւելու Փարիզում կայացած «Միսս-Եվրոպա 2005» կանացի գեղեցկության հրաշալի ցուցադրությանը, որին մասնակցած հայաստանցի գեղեցկուհուՙ Լուսինե Թովմասյանի հայտնվելն առաջին հնգյակում, ապա դրանից հետո վիցե «Միսս-Եվրոպա» հռչակվելն այնքան անակնկալ թվաց, որ տարբեր պատճառներ սկսեցինք փնտրել, սա հայկական ցավալի սովորություն է, կամ էլ հայկական թերարժեքության բարդույթ: Լուսինեի բնատուր հմայքը եւ գեղեցկությունը տեսանելի է եւ կասկածելն առնվազն տարօրինակ է: Գեղեցկության չափանիշներն ու ընկալումները խիստ սուբյեկտիվ են, սակայն գեղեցկության միջազգային մրցույթներն ունեն հստակ չափորոշիչներ եւ որեւէ հավակնորդ առնվազն պետք է համապատասխանի դրանց: Իհարկե, հայկական իրականությանը բնորոշ այն կարծիքը կամ նախատրամադրվածությունը, թե մրցույթի ժյուրիի կազմում աշխարհահռչակ շանսոնեիՙ մեր հայրենակցի Շառլ Ազնավուրի դերը վճռորոշ է եղել, ժխտվեց: Ազնավուրը, իբրեւ համաշխարհային մեծության արվեստագետ, անշուշտ, իր բարոյական դերն ու ազդեցությունն ունեցել է, սակայն դա պետք է արդարացված լիներ, իսկ արդարացումը կամ ճշմարտությունն այն է, որ Լուսինե Թովմասյանն իսկապես արժանի էր իրեն տրված մրցանակին, մենք մոռացել ենք, թե ինչպես էինք ազգովին սատարում կամ ապրում հայ որեւէ նշանավոր արվեստագետի, մարզիկի:

Գեղեցկությունն արդեն իսկ արվեստ է, եւ Լուսինեն ամենաբնական արվեստում ճանաչվեց լավագույններից մեկը: Սա իրոք հրաշալի է եւ հրաշալի է հատկապես հայուհու բարեկրթությունը, մեղմաբարո ու հանդարտ պահվածքը. ներքին համեստությունը, խոսքի կուլտուրան: Կանացի բնատուր հմայքով ու արտակարգ հմայիչ ժպիտով նա իր շուրջը շատ համակրելի, առինքնող մթնոլորտ էր ստեղծում, իր ամենապատասխանատու պատասխանը վճռական պահին շատ ներդաշնակ էր իրեն: «Կհաղթեմ, եթե լավագույնն եմ»:

Հանդիպման սկզբում ամենից կարեւորը Շառլ Ազնավուրի դերն այս հաղթանակի մեջ պարզելն էր. «Շառլի ներկայությունը մեծ հպարտություն էր, երբ նա դահլիճ մտավ եւ 20 րոպե շարունակ ծափահարում էին»: Հաղթանակից հետո Լուսինեն Շառլի հետ ունեցել է կարճ, բայց ջերմ հանդիպում: Այսքանը:

«Միսս-Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը հարցերին որոշակի բավարար պատասխաններ տվեց: «Միսս-Եվրոպայի» դրամական պարգեւը 50 հազար եվրո է, երկրորդ մրցանակակիրը դրամական պարգեւ չի ստանում, սակայն պայմանագրային պայմանավորվածությամբ միսս վիցեն «Միսս Եվրոպայի» բացակայությամբ կարող է նրան փոխարինել: Դրամական պարգեւին, այսպես ասած, կարող է փոխարինել եվրոպական երկրների գործակալությունների հետ գովազդային հոլովակներում ցուցադրությունը: Առայժմ հստակված չէ, բայց օրացուցային պլանը կներկայացվի, եւ մեկ տարվա ընթացքում գեղեցկուհին կարող է մասնակցել նաեւ մանեկենության մրցույթին, իսկ «Միսս-Տիեզերք», «Միսս-Աշխարհ»-ին կարող է մասնակցել հետագայում: Այս ընթացքում (մեկ տարվա) կան որոշակի սահմանափակումներ, օրինակՙ չի կարելի, ամուսնանալ խմած վիճակում հայտնվել, ծխել, անգամ փոխել մազերի գույնը, մերկ կամ կիսամերկ նկարահանվել:

Լուսինե Թովմասյանը սովորում է լեզվաբանական համալսարանում, տիրապետում է ռուսերենին, գիտի անգլերեն, իր համար կարեւորն ուսման մեջ հմտանալն է, մասնագիտանալ հոգեբանության ասպարեզում, իսկ մոդելային բիզնեսն իր համար հոբի է:

Եվրոպայից իր հետ բերել է հրաշալի տպավորություններ, նոր ընկերներ, ի դեպ, հյուրանոցում բնակվել է Գերմանիայի ներկայացուցչուհու հետ, մտերմացել է Թուրքիայից ժամանած աղջկա հետ, անձնական համակրանքը անգլուհու նկատմամբ էր: Ինքն իրեն չի համարում Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկը, հայ աղջիկներին ցանկանում է ինքնավստահություն եւ ժպիտ ու հպարտ է, գոհ իր արդյունքից:

Ի դեպ, Լուսինեն հայտարարեց, որ ինքը զտարյուն հայ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4