ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի մարտի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում, որտեղ մարտի 7-ին եւ 9-ին տեղի էին ունեցել արդեն հայտնի բախումները:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ Թբիլիսիի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի (Հունգարիա) ղեկավարությամբ: Դիտարկման խմբի կազմում ընդգրկվել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ Տորսթեն Արենը (Շվեդիա):
Ըստ ԱԳՆ տեղեկատվությանՙ դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Շփման վայրում ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ առաքելությանն են ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ղարաբաղյան դիրքերի գնդակոծության վկայությունները, ինչպես նաեւ պահակակետերը ԼՂՀ պաշտպանության բանակի առաջավոր սահմաններին մոտեցնելու ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքները:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ