«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2005-03-17 | #48, 2005-03-18 | #49, 2005-03-19


ԲԱՑԱՐԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ «ՓՈՒՖ» ԴԱՏԱՎՈՐԻՆ

Ինչպես եւ «Ազգ»-ը ցավով կանխատեսում էր, մայրաքաղաքի Աբովյան 15 հասցեում գտնվող շենքի (որտեղ գտնվում էր ԳԱԱ լեզվի ինստիտուտը) դատական քննության քաշքշուկը շարունակվում է: Մասնավորապես, մարտի 17-ի դատավարական նիստը չկայացավ շատ հետաքրքրական մի պատճառաբանությամբ: Լեզվի ինստիտուտի կողմից վարձակալման «արժանացած» «Վավան» ՍՊԸ-ն այս էլ երկրորդ անգամ բացարկ հայտնեց տնտեսական դատարանի դատավոր Գ. Ղարիբյանին: Հիշեցնենք, որ Աբովյան 15-ի գործով անցնող «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ի փաստաբանը նույնպես դատավոր Գ. Ղարիբյանին բացարկ էր հայտնել: Գործող կարգի համաձայն, դատավորին հայտնված բացարկը քննության է առնում դատարանի նախագահը, որն էլ «Վավան»-ի մարտի 16-ի բացարկը մերժել էր բավականին հիմնավոր` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96 հոդվածի 1-ին մասով»: Սակայն անդադրում «Վավան»-ը մարտի 17-ի դատական նիստի ժամանակ եւս մեկ անգամ բացարկ հայտնեց դատավորին, որն այս անգամ տնտեսական դատարանի նախագահ Հ. Մանուկյանը բավարարեց: Նույն հաջողությամբ, նույն օրը` մարտի 17-ին, նույնպես առանց լուրջ հիմնավորման բավարարեց նաեւ «ԱՀԱ Ինվեստ»-ի ներկայացրած բացարկը:

Հարց է ծագում` ինչպե՞ս կարելի է 48 ժամում նույն բացարկը նույն դատավորին մերժել եւ ապա ընդունել: Փորձենք հասկանալ դատարանի նախագահի հիմնավորման «պատճառաբանությունը». «Ծանոթանալով բացարկին եւ ուսումնասիրելով գործի նյութերը, գտնում եմ, որ չնայած բացարկը չի պարունակում գործը քննող դատավորի անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկած հարուցող փաստ կամ հանգամանք, այնուամենայնիվ, գործի օբյեկտիվ եւ արդարացի քննության նկատմամբ պատասխանող կողմի մոտ ձեւավորված կասկածները փարատելու նպատակով բացարկը պետք է բավարարել»: Այս խիստ հակասական որոշումները տնտեսական դատարանի նախագահն ամրագրում է իր լիազորությունների մասին օրենքի ենթակետերը մեջբերելով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Ազգ» - Չնայած դատական պրակտիկայում ընդունված հետաձգումների, քաշքշուկների, ձգձգումների, իրավական հնարքների օգտագործման փաստին, «Ազգ»-ը խոստանում է հնարավորինս հետամուտ լինել իրավաբանական բոլոր աճպարարություններին: Մեր նպատակն է ոչ միայն հետեւել դատավարական ձանձրալի ու խիստ զավեշտական ընթացքին ու որոշումներին, այլեւ մատնանշել մեր ընթերցողների համար, թե ինչպե՞ս կարելի է պետական գույքը վարձով տալ բար ու ռեստորան կառուցողներին: Այլապես, ի՞նչ եք կարծում, ո՞վ եւ ինչպե՞ս է ցանում այսքան բար ու ռեստորան մեր քաղաքում...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4