«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2005-03-17 | #48, 2005-03-18 | #49, 2005-03-19


«ԵՍ ԻՄ ԱԶԳԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՄ ՍԻՈՆԻԶՄԻ ԱՇԽԱՐՀԱԿՈՒԼ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ»

Դատարանից ազատված Արմեն Ավետիսյանը 2 տարի կլինի հսկողության տակ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի դատավարությունը: Դատավոր Գայանե Կարախանյանը ներկայացրեց դատական գործում առկա բոլոր նյութերը, փաստաբան Մելանյա Առուստամյանի միջնորդությամբ դրանց ավելացվեց նաեւ օրերս լույս տեսած «Թուրքիան, սիոնիզմը, մասոնները եւ Հայոց ցեղասպանությունը» գրքույկը, որում ընդգրկված են Ջոն Կիրակոսյանի, Գասպար Տերտերյանի, Ջասպեր Ռիդլի եւ այլոց հոդվածները:

Մեկժամյա ընդմիջումից հետո դատախազ Արթուր Երիցյանն ընթերցեց մեղադրական ճառը, մեկառմեկ անդրադառնալով վկաների ցուցմունքներին, առանձնացնելով հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի, «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանի, Արծրուն Պեպանյանի, Ավետիս Բաբաջանյանի այն արտահայտությունները, որոնք հիմնավորում են հակահրեական քարոզչություն տարածելու համար Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված մեղադրանքը: Դատարան չներկայացած Ռիմա Վարժապետյանի ցուցմունքում նշված է, որ Ավետիսյանի հրապարակային արտահայտությունները բացասաբար են անդրադարձել Հայաստանում բնակվող հրեաների վրա, նրանց մեջ առաջացնելով վախ եւ անվստահություն:

Լրագրող Աննա Իսրայելյանը եւս հաստատել է, որ Ավետիսյանը Մամուլի ազգային ակումբում անցած տարի հրավիրված ասուլիսներից մեկի ժամանակ հակահրեական քարոզչություն է արել: Դրանց կողքին մեղադրողը ավելացրեց, որ հանցանքը մասամբ ընդունող Արմեն Ավետիսյանն ունի դրական անձնավորության բնութագիր, նախկինում դատապարտված չի եղել, իր խնամքի տակ ունի 3 անչափահաս դուստր, արցախյան պատերազմի մասնակից է: Այս ամենը հաշվի առնելով նա հրապարակեց դատավճիռը, որով Արմեն Ավետիսյանը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվելով 3 տարի ազատազրկման, 2 տարի պայմանական հետաձգելով պատժի կիրառումը:

Արիական միաբանության առաջնորդը հայտարարեց, որ իր դեմ հարուցված մեղադրանքը չի ընդունում. «Ես իմ ազգին եւ համայն մարդկությանը զգուշացրել եմ հրեաների ստեղծած սիոնիզմի աշխարհակուլ գաղափարախոսության վտանգի մասին: Գուցե ես շտապողականություն եմ դրսեւորել մարդկանց իրազեկելու հարցում, ինչպես նաեւ հետեւողական չեմ եղել իմ մտքերը մամուլում աղճատված չտպագրելու առումով, ինչի արդյունքում առաջացել են թյուրիմացություններ», ասաց նա:

Փաստաբան Մելանյա Առուստամյանը մեղադրողի ճառն անվանեց անհիմն եւ պնդելով, որ գործի մեջ բացակայում է հանցակազմը, պահանջեց արդարացման դատավճիռ: Չնայած նա հանգամանորեն խոսեց բոլոր ցուցմունքներում տեղ գտած հակասությունների մասին եւ բավականին համոզիչ հիմնավորեց, սակայն արդարացման դատավճիռ կայացնելու նրա ջանքերը արդյունք չտվեցին, եւ դատարանը հաստատեց մեղադրողի կայացրած դատավճիռը: Արմեն Ավետիսյանը կալանքից ազատ արձակվեց դատարանից, նա 2 տարի կլինի ոստիկանության հսկողության տակ, որի ընթացքում որեւէ հանցանք չգործելու դեպքում դատվածությունը կմարի:

«Փորձ է արվում ինձ մեղադրել հրապարակայնորեն եւ մամուլի միջոցով ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ, տվյալ դեպքումՙ հրեաների եւ քրդերի նկատմամբ: Այդ տրամաբանությամբ ինձ կարելի է նաեւ մեղադրել թուրքերի, ադրբեջանցիների, վրացիների, պարսիկների, ամերիկացիների, եվրոպական տարբեր ազգերի նկատմամբ թշնամանք տարածելու համար, որովհետեւ պատմաքաղաքական վերլուծություններ արվել են նաեւ նրանց վերաբերյալ, բայց չգիտես ինչու, մեղադրանքում դրանք նշված չեն: Իմ արտահայտած մտքերն իրականում կրկնություններ են, դրանք հնչել են տասնամյակներ եւ նույնիսկ հարյուրամյակներ առաջ, սակայն դրանք տպագրելու համար որեւէ մեկին երբեւէ չեն բանտարկել», իր վերջին խոսքում ասաց Ավետիսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4