Բուսաբուծության վարչության պետը նույնիսկ նպաստավոր է համարում
Անցյալ տարվա ապրիլին ջերմաստիճանի կտրուկ անկումը մեծ վնաս հասցրեց գյուղատնտեսությանը: Մասնավորապես Արարատյան դաշտավայրում ցրտահարվեցին պտղատու ծառերը: Երեք օր առաջ անսպասելի տեղացած առատ ձյունը եւ ջերմաստիճանի անկումը կարո՞ղ են նման վնասներ հասցնել գյուղատնտեսությանը նաեւ այս տարի: Այս հարցն ուղղեցինք գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանին: Բարեբախտաբար, վարչության պետը ցրեց նախորդ տարվա վտանգի կրկնվելու մտավախությունը: Նա, վկայակոչելով հիդրոօդերեւութաբանների կանխատեսումները, բացառեց ծառերի եւ մշակաբույսերի ցրտահարումը: Ըստ հիդրոօդերեւութաբանների, առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կնվազի մինչեւ -2 -4 աստիճան, հաջորդ երկու օրերին մինչեւ -6 -8 աստիճան, որի դեպքում ցրտահարում հնարավոր չէ, քանի որ ծառերը դեռեւս չեն ծաղկել: Դրանից ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում միայն կարելի է խոսել ցրտահարման հավանականության մասին:
Ավելին, Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ տեղացած առատ ձյունը նպաստավոր է գյուղատնտեսության համար ինչպես Արարատյան դաշտում, այնպես էլ մյուս շրջաններում: Հացահատիկային կուլտուրաների համար դա նպաստավոր էր, որովհետեւ արդեն խոնավության պակաս էր զգացվում, ինչը, բնականաբար ապահովվեց ձյան ծածկի շնորհիվ: Ինչ վերաբերում է ծառերին, ապա այստեղ նույնպես ձյունը դրական ազդեցություն կունենա, ուշացնելով դրանց ծաղկումը, հետեւաբար նվազեցնելով ցրտահարման հավանականությունը հետագա եղանակային անակնկալների դեպքումՙ մինչ կայուն տաք ջերմաստիճանի հաստատումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ