«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2005-03-19 | #50, 2005-03-22 | #51, 2005-03-23


ՈՐՊԵՍԶԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԿՐԿՆՎԻ ԱՌԱՎԵԼ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ

Շուշիի ջարդերի 85-ամյակը

Մարտի 23-ին լրանում է Շուշիի հայկական ջարդերի 85-ամյակը: Այս տարենիշը ղարաբաղյան հիմնախնդրի արծարծումներում նշվում է կամ հպանցիկ, կամ էլ դիտարկվում է պարզապես որպես հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների մի դրվագ: Մինչդեռ Շուշիի ջարդը Մեծ եղեռնի ուղղակի շարունակությունն էր, որովհետեւ այս սպանդը դարձյալ իրականացվել է թուրքական ռազմուժի օժանդակությամբ: Բնականաբար, այդտեղ էլ առկա էր տիպիկ թուրքական դավադրության գործոնը, այլապես չորս տասնյակ հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքը, որտեղ ճնշող մեծամասնությունը եղել են հայեր, դժվար կլիներ այդքան սրընթաց ձեւով հրի ու սրի մատնել: Թուրք-մուսավաթական զորքերը պատրվակ բռնելով գարնան տոնիՙ Նովրուզ բայրամի տոնակատարությունները, կանխօրոք այստեղ էին տեղաբախշել զգալի քանակությամբ զինուժ: Եվ հենց նրանք իրականացրին այդ գեհենը:

Ըստ որոշ աղբյուրների, 1916 թ. դրությամբ Շուշիում բնակվում էր ավելի քան 43 հազար մարդ, այսինքնՙ չորս տարի հետո առնվազն այդքան մարդ կար Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաքում: Նրանցից 8 հազարը սպանվել է հենց մարտյան եղեռնի ժամանակ, մյուսները բռնագաղթել են կամ բռնի մահմեդականացվել: Փաստն այն է, որ ջարդից հետո Շուշին լիովին դատարկված էր հայերից: Իհարկե, խորհրդային տարիներին բռնագաղթած շուշեցիների մի զգալի մասը, հավատալով «կարմիր ինտերնացիոնալիզմին», կրկին վերադարձավ Շուշի: Սակայն հայերի նկատմամբ հալածանքը շարունակվում էր սպիտակ եղեռնի ձեւով, իսկ արդեն 1988-ին «կարմիր ինտերնացիոնալիզմը» նրանց կրկին բռնահանեց հայրենի բնօրրանից: Սա է պատմական իրողությունը:

Հատկանշական է, որ ողբերգական այդ իրադարձությունները տեղի են ունեցել անգլիական միսիայի աչքի առաջ, եւ նրանք փորձ չեն ձեռնարկել կանխելու ողբերգությունը: Անշուշտ, եթե Ղարաբաղի հայերը ինքնապաշտպանություն չկազմակերպեին, ապա Շուշիի ճակատագիրը սպառնում էր ամբողջ Ղարաբաղին: Մանավանդ որ մուսավաթական Ադրբեջանի զորքերի շուրջ 80 տոկոսը այդ օրերին կենտրոնացված էր Ղարաբաղի մատույցներում, մասնավորապես Ասկերանի ուղղությամբ (եւ գուցե թե հենց դա է նպաստել բոլշեւիկներինՙ այդքան դյուրությամբ ու անարյուն գրավելու Բաքուն): Շուշիի իրադարձություններին զուգահեռ հայկական ջարդեր էին տեղի ունենում նաեւ Հյուսիսային Արցախում, եւ ավելի քան 50 հազար հայ նույնպես դարձավ թուրք-մուսավաթական ասպատակությունների զոհըՙ սպանվելով կամ բռնատեղահանվելով:

Մարտի 23-ի ողբերգությունից դեռեւս ամիսներ առաջՙ 1919 թ. հունիսի սկզբներին, մուսավաթական բաշիբոզուկները կրակի էին մատնել Շուշիի մերձակա Ղայբալիշեն հայկական գյուղըՙ սրի քաշելով ամբողջ բնակչությանը: Սա պետք է որ հետեւությունների ազդակ դառնար արցախահայության համար, առանձնապես արեւմտահայության նկատմամբ կատարված եղեռնագործությունների համապատկերի վրա, որի տպավորությունները այն ժամանակ շատ թարմ էին: Արժե նշել, որ ըստ այն ժամանակվա իրադարձությունները փաստող աղբյուրների, Շուշիի բանտում եւ առանձին մեկուսարաններում պահվում էր շուրջ 3 հազար հայ բանտարկյալ, որոնք նույնպես թուրք ջարդարարների զոհը դարձան այդ օրը: Պատմաբանները ներկայումս փորձում են Շուշիի ջարդերի եւ առհասարակ տվյալ ժամանակահատվածում կատարված հայակործան դեպքերի պատմագիտական ու քաղաքական գնահատականը տալ: Խորհրդային ժամանակաշրջանում, այս թեմայի վրա տաբու էր դրված եւ թերեւս շատ վկայություններ ու փաստաթղթեր ոչնչացվել են հենց Խորհրդային Ադրբեջանի կառավարության կողմից: Պատմությունը սակայն ջնջել հնարավոր չէ:

1920 թ. մարտի 23-ի դեպքերը նաեւ մեկ այլ բան են հուշումՙ հայի եւ ադրբեջանցու համատեղ գոյակցությունը ինչ-որ մի ժամանակահատվածում անպայման հանգեցնում է արյունահեղ բախումների: Այս նկատառմամբ ինքանո՞վ է տրամաբանական ընդհանուր պետության գաղափարը, որը երբեմն հնչեցվում է ղարաբաղյան կարգավորման տեսակետներում: Կարծում ենք, Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պնդումները նախկին շուշիաբնակ ադրբեջանցիների Շուշի վերադառնալու մասինՙ բավականին հեռու են հիմնախնդրի տրամաբանական լուծումից:

Ասել, թե Շուշիի մարտյան ողբերգությունը ղարաբաղցիները մոռացել են, սխալ կլինի: Դրա մի վկայությունը Շուշիում, արդեն նորանկախ ԼՂՀ-ի գոյության տարիներին, կառուցված հուշաքարն է, որտեղ ամեն տարի մարտի 23-ին նախկին եւ ներկայիս շուշիաբնակ հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում թուրքերի բիրտ ձեռքով սպանված բազմահազար համաքաղաքացիների հիշատակին: Իսկ հուշաքարը մի պարզ պատգամ ունիՙ մի՛ մոռացեք պատմությունը, քանզի այն կարող է կրկնվել առավել դաժան տեսքով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4