«Երեւանի ջրմուղ-կոյուղու» առաջարկած 187 դրամի փոխարեն
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ փաստորեն չափազանցված համարեց «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության ներկայացրած հայտըՙ մայրաքաղաքի խմելու ջրի 1 խմ սակագինը ներկայիս 90 դրամի փոխարեն 187 դրամ սահմանելու մասին եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի առաջարկով միաձայն հաստատեց հանձնաժողովի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքում ստացված 125 դրամ սակագինը:
Մինչ քվեարկությունը ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Վոլքինգը ներկայացրեց «Երեւանի ջրմուղ-կոյուղու» առաջարկի հիմնավորումները: Համաձայն դրանց, ընկերությունը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող, քանի որ պետությունը հրաժարվում է դոտացիա տրամադրելուց: Բացի դրանից, առաջին անգամ պետք է կատարվեն բնապահպանական, հողի օգտագործման, կեղտաջրերի մաքրման վճարումներ, ինչպես նաեւ փոխարինվեն մաշված խողովակները: Ընկերության գործադիր տնօրենի հավաստիացմամբ, առկա ծախսերը չեն թանկացել:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա խնդրեց հանձնաժողովին հնարավորություն տալ ընկերությանը, որպեսզի նա իրեն անհրաժեշտ ծախսերը կարողանա կատարել իր հավաքած վարձավճարներով:
Այդուհանդերձ, հանձնաժողովը հաստատեց 125 դրամ սակագինը, որտեղ բացի ջրի մատակարարման դիմաց 106 դրամ, ջրահեռացման դիմաց 8 դրամ սակագներից առաջին անգամ ներառվեց նաեւ 10,7 դրամ կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը: Այս սակագինը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Հանձնաժողովի որոշմամբ, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը մինչեւ հուլիսի 1-ը նաեւ պետք է ներկայացնի խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ, իսկ մինչեւ հոկտեմբերի 1-ըՙ ջրի կորուստների նվազեցման, առեւտրային հաշվառման եւ սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիրը: Ի դեպ, Երեւանի ջրամատակարարման համակարգում կորուստները կազմում են 75-80 տոկոս, ինչի նվազեցման վերաբերյալ ընկերությունն այս հայտում ոչինչ չէր առաջարկել: Այս կապակցությամբ, հանձնաժողովի որոշմամբ, 2006 թ. ընկերության կողմից սակագների փոփոխության հայտ ներկայացնելու ժամանակ հիմք են ընդունվելու 95 տոկոս հավաքման եւ 65 տոկոս կորուստների չափանիշները:
Երեւանից դուրս (բացի Լոռու եւ Շիրակի մարզերից) ջրամատակարարման ծառայություններ մատուցող «Հայջրմուղկոյուղու», որի հավատարմագրային կառավարման իրավունքը մրցույթով շահել եւ իրականացնում է ֆրանսիական «Սաուր» ընկերությունը, ներկայացված հայտով առաջարկվում էր ջրի սակագին սահմանել 1 խմ 183 դրամ: Հիշեցնենք, որ մինչ այս առաջարկը ընկերությունն առաջարկել էր սակագինը սահմանել 215 դրամ:
Հանձնաժողովում սակագնային նոր առաջարկը ներկայացրեց ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը: Այս դեպքում նույնպես հանձնաժողովի ուսումնասիրություններն այն եզրակացությանը հանգեցին, որ «Հայջրմուղկոյուղին» իր գործունեությունը կարող է իրականացնել ավելի ցածր սակագնով, ինչն էլ հիմք ընդունելով հաստատվեց 140 դրամ սակագինը: Այն դարձյալ ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: «Հայջրմուղկոյուղու» առջեւ էլ դրվեցին սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ եւ կորուստների նվազեցման ներդրումային ծրագիր ներկայացնելու պահանջները, իսկ եկող տարի հայտ ներկայացնելիս եւս հիմք են ընդունվելու հասույթի հավաքման եւ կորուստների վերոհիշյալ չափանիշները: