Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդմամբ, մարտի 22-ին Նովոռոսիյսկում տեղի ունեցած կազակների եւ հայերի բախումը հետեւանք է երրորդ ուժի միջնորդության, որն ամեն կերպ ձգտում է խոչընդոտել տեղի Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառման կայացմանը: Միջադեպից հետո հայ համայնքն այլեւս թույլտվություն չի ստանա Նովոռոսիյսկի իշխանություններից, որոնք, ինչպես ենթադրելի է, մերժումը կբացատրեն անվտանգության ու կարգապահության նկատառումներով:
Կրասնոդարի մարզից «Ազգի» թղթակից Վիկտոր Ստեփանյանը տեղեկացնում է, որ հայկական «Լույս» համայնքի նախագահին պատկանող «Սմաք» սրճարան մտած 15 կազակները հարբած են եղել եւ խոսել հայհոյանքներով, ինչն էլ ափերից հանել է այնտեղ ծննդյան օր նշելու առիթով հավաքված հայ ու հույն երիտասարդներին: Քաղաքի կազակների համայնքի ատաման Վլադիմիր Պետրուշինի գլխավորած խմբի հետ բռնկված ծեծկռտուքից հետո ատամանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ եւ վիրահատվել է:
Վիրավոր ատամանի վրեժը լուծելու նպատակով հաջորդ օրը, ժամը 17-ին փողոց դուրս եկած կազակները ջարդուփշուր են արել հայերին պատկանող մեքենաները, սրճարաններն ու այլ շինությունները: Նրանց կատաղի հարձակումներից տուժել է նաեւ հայի մոտ աշխատող մի ռուս վարորդ:
Ներկա պահին լարվածությունը հանդարտվել է, սակայն Նովոռոսիյսկի հյուրանոցները լցվել են Կրասնոդարի երկրամասից ժամանած մեծաթիվ կազակներով, եւ դեռ հայտնի չէ, ինչպես կզարգանան հետագա գործողությունները:
Քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել ազգային, կրոնական եւ ռասայական թշնամանք տարածելու մեղադրանքով, որը սահմանված է Ռուսաստանի Դաշնության օրենսգրքի 282 հոդվածով: Նախնական հետաքննությունից պարզվել է, որ կազակների գործողությունները նախապես ծրագրված են եղել: Նրանք սրճարան են եկել հայերից պատիվ պահանջելու մի ռուս աղջկա համար, որին իբր հայ է բռնաբարել: Քննության արդյունքում «տուժածը» խոստովանել է, որ բռնաբարություն չի եղել, ինքն ընդամենը ստել է:
Նովոռոսիյսկի քաղաքային իշխանությունը դիմել է հայ համայնքին, հորդորելով զգոն լինել, չենթարկվել սադրանքների եւ հեռու մնալ պատասխան քայլեր ձեռնարկելուց, միաժամանակ խոստանալով հայտնաբերել եւ պատժել մեղավորներին:
«Ազգի» թղթակիցը նաեւ հայտնում է, որ տեղական իշխանությունները խուսափում են մեկնաբանություններից, սակայն միջադեպի մանրամասները քողարկելու ակտիվ աշխատանք են ծավալումՙ հերթական անգամ կենցաղային բնույթ տալով ազգամիջյան թշնամանքի հողի վրա կատարված բախմանը:
Մի կողմից նրանք կարծես քայլեր են ձեռնարկում ազգամիջյան ընդհարումներ թույլ չտալու համար, մյուս կողմից աչք փակում կազակների անօրինական գործողությունների վրա: Ի դեպ, երկրամասային վարչակազմում վերջերս քննարկվել է օրինապահ մարմիններում կազակներին ներգրավելու հարցը, ինչը, կարծում ենք, մեկնաբանությունների կարիք չունի:
Ռ. Պ.