«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2005-03-22 | #51, 2005-03-23 | #52, 2005-03-25


ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆԸ 2020 Թ.-ԻՆ

Ներկայացրեց «Երեւաննախագծի» գլխավոր տնօրենը

Մինչեւ 2006 թ. հունվարի 1-ը Երեւանը պետք է ունենա գլխավոր հատակագիծ, որը կդառնա հիմնական քաղաքաշինական պետական փաստաթուղթը: Կառավարության այդ որոշման մասին երեկ հայտնեց կառավարության քաղաքաշինության վարչության պետ Սիրեկան Օհանյանը: Իսկ մինչ այդ գործադիր մարմինը հաստատեց գլխավոր հատակագծի հայեցակարգը, որը ներկայացրեց «Երեւաննախագիծ» ինստիտուտ» ընկերության գլխավոր տնօրեն Գուրգեն Մուշեղյանը:

Նախագծային կազմակերպության ղեկավարը, նշելով, որ այս հայեցակարգը քաղաքի զարգացման հիմնական միտումներն ու ուղղությունները նախանշող փաստաթուղթն է, ասաց, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու հիմնական գործոններով: Առաջինն այն է, որ Երեւանը միութենական հանրապետության մայրաքաղաքից դարձել է անկախ պետության մայրաքաղաք, իսկ երկրորդըՙ մեր երկիրը պլանային տնտեսությունից անցում է կատարել շուկայական տնտեսության:

Գլխավոր հատակագծի հայեցակարգը նախատեսում է, որ 2020 թ. մայրաքաղաքը պետք է ունենա 1,2 մլն բնակչություն, իսկ տարածքն ու համայնքները կմնան նույնը, ինչպես սահմանվել են 1996 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այսինքն, Երեւանի զարգացման համար հավելյալ տարածքներ չեն տրամադրվելու: Զարգացումը պետք է տեղի ունենա ներկայումս չօգտագործվող տարածքների եւ վթարային շինությունների քանդման հաշվին: Սպորտային համալիրների կառուցում է նախատեսված քաղաքամերձ տարածքներում: Բնակելի տարածքները կառուցելիս հիմք պետք է ընդունվի 1 անձին 20 քմ կամ նվազագույնը 18 քմ բնակտարածքը: Բնակչության խտությունը 1 հա-ի վրա պետք է լինի 180 մարդ:

Արդյունաբերական ձեռնարկությունների համար նոր տարածքների տրամադրում նախատեսված չէ: Գուրգեն Մուշեղյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ արդյունաբերական տարածքներն առանց այդ էլ մեծ են եւ մասամբ են օգտագործվում: Այստեղ կան ազատ տարածքներ, որոնց վրա էլ կարելի է նոր արտադրություններ զարգացնել: Միաժամանակ նշվեց, որ նպատակահարմար չէ արդյունաբերական զարգացումը կենտրոնացնել միայն Երեւանում եւ պետք է խրախուսել մարզերում գործարարության զարգացմանը:

Տրանսպորտային հիմքը մայրաքաղաքում կդառնա նոր մայրուղային ցանցը, որով նախատեսվում է կառուցել քաղաքը շրջանցող երկու ճանապարհներ: Մետրոպոլիտենի տեխնիկատնտեսական հիմնավորումը կպահպանվի:

Երեւանի տարածքում առկա հանքավայրերը սպառվելուց հետո կվերածվեն կանաչ տարածքների, իսկ ծանր մետաղներով հագեցած գյուղատնտեսական հողերը կդրվեն կառուցապատման տակ: Գուրգեն Մուշեղյանը տեղեկացրեց, որ կանաչ տարածքները բաժանվելու են երեք մասի: Առաջիննՙ ընդհանուր օգտագործման, որ ներկայումս ծառազուրկ են եւ պետք է վերափոխվեն կանաչ տարածքների, երկրորդը սահմանափակ օգտագործման, որոնք առանձնատներին կից կանաչ տարածքներն են եւ երրորդՙ հատուկ տարածքներ, այսինքն անտառներ: Ըստ նրա, 2020 թ. նախատեսված է 1 շնչին ընկնող կանաչ տարածքները հասցնել մինչեւ 49 քմ-ի:

Ջրամատակարարման ցանցը կգոտեւորվի: Բնակչի համար նախատեսված է օրական 150 լիտր ջուր: Կոյուղու խողովակները, մաքրման կայանը պետք է վերակառուցվեն: Ջերմամատակարարման համակարգը պետք է հիմնված լինի տեղային (լոկալ) ջեռուցման վրա:

Երեկվա ճեպազրույցին ներկա էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, որին ուղղված հարցն առնչվում էր մայրաքաղաքի Կենտրոն համայնքում իրացման գոտիներ հայտարարված մի շարք տարածքների ճակատագրին: Գլխավոր ճարտարապետը պատասխանեց, որ այդպիսի տարածքներ են Կոնդը, Կոզեր թաղամասի մի մասը, Ֆիրդուսու տոնավաճառի տարածքը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, գինու կոմբինատին հարող տարածքները: Դրանցից բոլորի վերաբերյալ, բացառությամբ Կոզերի, հստակեցված են նախագծային առաջարկները: Այդ տարածքներում կառուցապատում իրականացնելու համար հետաքրքրություն ցուցաբերողներ արդեն կան, բայց առայժմ ոչ մի կազմակերպություն ներդրումային առաջարկ կամ ծրագիր չի ներկայացրել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4