Նախօրեին «Ազգի» նախաձեռնությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել Հակոբ Ճարոյանը, որը մեր թերթում բազմիցս հանդես է եկել դատախազությանՙ իր դեմ իրականացրած ապօրինությունների կապակցությամբ: Քանի որ երեկ տեխնիկական պատճառներով լույս չեր տեսել մեր հերթական համարը, տեղեկացնենք, որ այս անգամ նույնպես Հակոբ Ճարոյանը կոնկրետ մեղադրանքներ ուղղեց դատախազության կոնկրետ աշխատակիցների դեմ: Ընդգծելով, որ լավ հասկանում է իր ասածի նշանակությունը, նա իր դեմ հարուցած անհիմն քրեական գործի պատճառը համարեց այսպես կոչված տուժողիՙ նախկինում կրկնակի դատապարտված Ճոճկան գյուղի գյուղապետ Վարուժան Թամազյանի կողմից Գեղարքունիքի մարզի դատախազ Ալբերտ Մարգարյանին, դատախազության քննիչներ Հովսեփ Սարգսյանին եւ Վարդան Ավետիսյանին կաշառելը: Դրա նպատակն է եղել Հակոբ Ճարոյանից նրան պատկանող ալրաղացը խլելը:
Հակոբ Ճարոյանը վճռականություն հայտնեց շարունակելու իր պայքարը Եվրոդատարանում իր բարի համբավն ու անունը վերականգնելու, իր գույքը հետ ստանալու եւ իր դեմ ապօրինություններ թույլ տված դատախազության քննիչներին պատժելու համար:
Ի դեպ, նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին մեր մեկ տասնյակի հասնող հեռուստաընկերություններից երեքը, որոնցից ռեպորտաժ հեռարձակեց միայն «Ար» հեռուստաընկերությունը: Դրա պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է «անկախ» հեռուստաընկերությունների վրա հեռախոսազանգային ազդեցությունը դատախազությունից:
Ա. Մ.