«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ԵՐԵՎԱՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԵՆՑ ՏՆԵՐԻՑ ՎՏԱՐԵԼՈՎ

Իրանահայ ճարտարապետ Սահրադ Պետրոսյանը, որը 15 տարուց ավելի ապրում է Երեւանում, իրեն լիիրավ երեւանցի է զգում, իր ասելովՙ շատ-շատերից ավելի երեւանցի: Նա «Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչներից է եւ մի խումբ երեւանցիների հետ երեկ մասնակցում էր քաղաքի պատմամշակութային շենքերի քանդման դեմ կազմակերպված «SOS-փրկենք Երեւանը» քաղաքացիական երթ-ակցիային: Սահրադին ամենից շատ վհատեցնում է այն, որ երեւանցիները չեն ուզում իրենց քաղաքն իսկական քաղաք դարձնել: «Աշխարհում չկան մի օրում ստեղծված քաղաքներ, քաղաքի արժեքն իր պատմությունն է, իսկ մենք մեր քաղաքի պատմությունը չենք պահում: Հայերս այդպես էլ չհարմարվեցինք քաղաքային մշակույթին, միջնադարյան եկեղեցիները բավարար չեն այսօր քաղաքակիրթ ազգ կոչվելու համար: Հիմա քանդում ենք Երեւանի 200-250 տարվա պատմությունը, վաղը կքանդենք Գյումրին, Գորիսը, Շուշին: Ժողովրդավարությունը ոչ թե քաղաքական կարգախոս է, այլ ապրելակերպ: Հասարակությունը ինքը պետք է որոշի իր քաղաքի զարգացման ուղին, ոչ թե մի խումբ օլիգարխներ իրենց կամքը թելադրեն քաղաքապետարանին», ասաց Սահրադը:

Մաջարյան Սեւակը Բեյրութից է, արդեն 2 տարի ապրում եւ աշխատում է Երեւանում: Նրա գնահատմամբ, այստեղ ամեն ինչ լավ է, միայնՙ «Երեւանի լավագույն շենքերը չեն պահպանվում, դրա համար էլ քաղաքը տեսքը փոխում է, դիմագիծը կորցնում»:

Սփյուռքահայ Արմեն Ավետումյանը նույնպես ճարտարապետ է, նրա ասելով, իր ընկերների մասնագիտական մոտեցումները տարբեր են, սակայն գլխավոր խնդիրը քաղաքաշինական հայեցակարգի բացակայությունն է: «Ազգի» հարցին, թե «Հին Երեւանի կարիք զգո՞ւմ է այստեղ հաստատված սփյուռքահայը», նա պատասխանեց. «Անպայման պիտի ունենայինք Հին Երեւան, եվրոպական գրեթե բոլոր երկրներում քաղաքների հին շրջանները պահպանվում են, դա բխում է քաղաքակիրթ մոտեցումից»:

«Բուզանդի 15-ը չի վաճառվում» պաստառներով երթ-ակցիային մասնակցում էին նաեւ շենքի բնակիչները, որոնք այժմ դատի մեջ են «Վիսկոն» ՍՊԸ-ի հետ, որը հոկտեմբերից Բուզանդի 13-21 շենքերի բնակիչներին համոզել է դուրս գալՙ բնակարան խոստանալով նոր կառուցվելիք էլիտար շենքերում: «Մի քանի ընտանիքներ հավատացին, պայմանագիր ստորագրեցին ու դուրս եկան իրենց տներից, բայց 2 ամիս անց պարզվեց, որ ոչ մի էլիտար շենք չի կառուցվելու իրենց համար: Այդ խաբված մարդիկ ստացան ընդամենը 2 տարվա տան վարձՙ 1500 դոլար: Կարծում եմ, նրանց վիճակը դժվար չէ պատկերացնել», պատմեց բնակիչներից մեկը:

Բուզանդի 15-ում այժմ ապրում է 12 ընտանիք, բոլորն էլ դեմ են իրենց տները վաճառելուն, որի համար հայտնվել են դատական քաշքշուկների մեջ: Սարգսյան Սուսաննան ասաց, որ իր տունը նորմալ վիճակում է, չի կամենում վաճառել, սակայն «Վիսկոն» ՍՊԸ-ն իրեն ստիպում է դուրս գալ, զգուշացնելուց 5 օր անց վտարում է:

Բնակիչները դիմել են երկրի նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել, որովհետեւ կառավարության 909 որոշմամբ այդ տարածքը գնած սեփականատերերն են դրության տերերը:

«Հարուստները բարգավաճում են մեր նման մարդկանց ճակատագրի հաշվին: Մենք դեմ չենք քաղաքը զարգացնելուն, թող դառնա թանգարան բաց երկնքի տակ, բայց ոչ մարդկանց իրենց տնից դուրս շպրտելով», ասաց Բուզանդի 25 շենքի բնակչուհի Սուսաննա Զարիկյանցը:

«Ես պատրաստ եմ իմ սեփականությունն ու կյանքը նվիրել իմ հայրենիքին, իմ պետության ամրապնդմանը, բայց չեմ կարող հանդուրժել, երբ այսպիսի անօրինություն է կատարվում, երբ թքած ունեն մարդկանց ճակատագրի վրա», ավելացրեց նույն շենքի բնակիչ Բաղդասարյան Սեդրակը:

Երեւանցիներին իրենց քաղաքի տերը դարձնելու նպատակով երթի մասնակիցները թռուցիկներ էին բաժանում, իսկ Աբովյան, Արամի, Բուզանդի փողոցների պատմական շենքերին փակցնում «Պահպանվում է հասարակության կողմից» պաստառները: Երթն ավարտվեց քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ թռուցիկներ ստացած ոստիկանները հայտնեցին, որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել է:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4