Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայից երեկ Հայաստան են ժամանել 12 արաբական ցեղախմբերի աշիրեթապետներ, որոնց հայրերը ցեղասպանության տարիներին բարեգթորեն ապաստան են տվել թուրքերի գազանաբարո գործողություններից մի կերպ փրկված սակավաթիվ հայերին:
Նրանք Հայաստան են եկել Սիրիայի հայ համայնքի նախաձեռնությամբ, իրենց գլուխը խոնարհելու հայ նահատակների հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ բարձրաձայնելու առ այսօր Հայոց ցեղասպանությունը հերքող Թուրքիայի քաղաքականության դեմ:
Աշիրեթապետները մեր երկրում կհյուրընկալվեն մինչեւ ապրիլի 3-ը, այդ ընթացքում կայցելեն Սբ. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ամենայն հայոց կաթողիկոսը, կհանդիպեն կառավարության ղեկավարների եւ ԱԺ պատգամավորների, Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ:
Այսօր ժամը 12-ին 12 աշիրեթապետները կայցելեն Ծիծեռնակաբերդ:
Ռ. Պ.