«ԱՄՆ-ի գիտահետազոտական եւ կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը լույս է ընծայել «Ժողովրդավարության կառուցումը Հայաստանում. նոր մարտահրավերներ» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ Խնկո-Ապոր գրադարանում: Ինչպես իր խոսքում նշեց կազմակերպության նախագահ Տարոն Առաքելյանը, գրքում զետեղված են անցած տարվա հոկտեմբերին Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի նյութերը, որոնց հեղինակները ԱԺ պատգամավորներ են, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների անդամներ, անկախ փորձագետներ եւ լրագրողներ: Սեմինարը, ինչպես եւ գրքի հրատարակությունը ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը:
Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսն իր խոսքում նշեց, որ ժողովրդավարությունը խոստում է եւ մարտահրավեր: Առողջ ժողովրդավարությունը հենվում է ժողովրդավարական քաղաքացիական մշակույթի զարգացման վրա, եւ յուրաքանչյուր երկիր պետք է գտնի իր սեփական ճանապարհը: Նա վստահեցրեց, որ Մ. Նահանգներում հետազոտական աշխատանքներ կատարած մասնագետները նշանակալի դերակատարություն կունենան Հայաստանի զարգացման համար:
Հակիրճ խոսքով հանդես եկան նաեւ ամերիկյան գիտական եւ կրթական հաստատություններում կրթություն ստացած ԱԺ պատգամավորներ Շավարշ Քոչարյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ ուրիշներ:
«Ժողովրդավարության կառուցումը Հայաստանում» գիրքը կբաժանվի Հայաստանի բոլոր գրադարաններին, առաջին նմուշը Տարոն Առաքելյանը երեկ հանձնեց Խնկո-Ապոր գրադարանի տնօրենին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ