«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի սոցքարտերի անհրաժեշտությունը չեմ տեսնում», երեկ հրավիրած մամուլի ասուլիսին, պատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ իմաստ ուներ սոցիալական քարտեր պարտադրել բնակչությանն այն դեպքում, երբ դրանց առկայությամբ շարունակվում է թոշակառուներից եւ նպաստառուներից զանազան տեղեկանքներ պահանջելը, այսպիսի անսպասելի պատասխան տվեց սոցիալական պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը: Նշելով, որ քարտերի ներդրման քաղաքականությունը մշակել եւ իրականացրել է այլ կառույց, նա ավելացրեց, որ սոցքարտերի այն համակարգը, որ ներդրվել է Հայաստանում, իր համար անհասկանալի է եւ այստեղ անհրաժեշտ է լուրջ քննարկումներ կատարել: Համեմատելով սոցքարտերի համակարգը շմոլ գազի հետ, որը հոտ չունի եւ առերեւույթ ոչինչ զգացնել չի տալիս, բայց կործանարար հետեւանքներ է ունենում, Վազգեն Խաչիկյանն առաջարկեց կես ճանապարհին հետ կանգնել, եթե այդ քարտերը սխալ են կիրառվում: Սոցհիմնադրամի նախագահի հավաստմամբ, ժամանակին կողմ լինելով սոցքարտերին, իր պատկերացմամբ, դրանք պետք է լինեին սոցիալական ապահովագրության քարտեր: Այնպիսիք, ինչպիսիք գործում են, օրինակ, Գերմանիայում եւ Ֆրանսիայում:
Չնայած մամուլի ասուլիս հրավիրելու նպատակը սոցհիմնադրամի նախագահիՙ Ռուսաստանի Դաշնություն նրա կատարած այցն ու ռուսաստանցի իր գործընկերների հետ քննարկված հարցերի մասին տեղեկություն տրամադրելն էր, լրագրողների հարցերն առավելապես առնչվում էին թոշակների, սոցվճարների, հիմնադրամի միջոցների կառավարման եւ համանման այլ խնդիրներին:
Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ Հայաստանում սոցքարտեր չստացած մոտ 11 հազար քաղաքացիներ կան, որոնց թոշակներ չեն վճարվել: Դրանց մի մասը նախկին խորհրդային անձնագիր ունեցողներն են, մյուսներն ունեն նոր անձնագրեր, բայց քարտեր չեն ստացել, իսկ երրորդներն էլ հրաժարվում են ստանալ դրանք: Սակայն Վազգեն Խաչիկյանն այն կարծիքի է, որ կենսաթոշակ ստանալու իրավունքն ամրագրված է սահմանադրությամբ եւ միայն սահմանադրությամբ էլ կարող է սահմանափակվել: «Եթե զինվորական ծառայության համար այլընտրանք է նախատեսվում, ապա ինչո՞ւ նման այլընտրանք չի կարելի նախատեսել սոցքարտերից հրաժարվողների համար», ավելացրեց սոցհիմնադրամի նախագահը:
Թոշակների վերաբերյալ տեղեկացվեց նաեւ, որ դրանց լուրջ ուշացման դեպքեր չկան: Ներկայումս վճարվել են հունվար-փետրվար ամիսների թոշակները: Պաշտոնում նշանակվելուն հաջորդած օրերին հիմնադրամի նախագահի առաջին քայլերից մեկը եղել է ծախսերի նվազեցման միջոցառումների իրականացումը: Ներկայումս ընթանում են կենսաթոշակառուների ցանկի ճշտման աշխատանքները, ինչպես նաեւ ավելորդ հաստիքներ են կրճատվում հիմնադրամի տարածքային կենտրոններում: Ինչ վերաբերում է սոցվճարների հավաքման գործընթացը հարկային մարմիններին հանձնելուն, ապա Վազգեն Խաչիկյանը դա դրական է գնահատում, ներկայացնելով գումարների հավաքման այն ցուցանիշները, որ արձանագրվել են այս տարվա հունվար-մարտին: Համաձայն դրանց, այս տարվա հունվար-փետրվարին հավաքվել է 7,8 մլրդ դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 5,8 մլրդ դրամի դիմաց: Այս տարվա մարտի 25-ի դրությամբ հավաքվել է 3,8 մլրդ դրամ: Բացի հավաքված գումարից, հիմնադրամն ունի պահուստներ, ինչի շնորհիվ վճարվում է մոտ 4 մլրդ դրամ կազմող թոշակները: Ապրիլի 1-ից կենսաթոշակների բազային չափը 3 հազար դրամից 4 հազար դրամ դառնալու դեպքում, հիմնադրամը դեռ հնարավորություն կունենա կատարելու այդ վճարումները:
Վազգեն Խաչիկյանը անդրադարձավ նաեւ եկամտահարկի բազային, նշելով, որ այստեղ մուտքերը դանդաղ են աճում եւ Հայաստանի ցուցանիշները զիջում են մեր երկրի զարգացման մակարդակին գտնվող համանման երկրների ցուցանիշներին: Չնայած բիզնեսը զարգանում է, աշխատատեղերը շատանում, բայց դրանից եկամտահարկի բազան չի ավելանում: Հիմնադրամի նախագահի համոզմամբ, քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն իրենց աշխատավարձերի իրական չափը ցույց տալու մեջ: Թաքնված զբաղվածությունը կարելի է բերել հարկման դաշտ, բայց աշխատավարձերի իրական չափը բացահայտելն առանց քաղաքացիների մասնակցության անհնար կլինի: Ասվածի ապացույցն են առկա տվյալները, համաձայն որոնց 434 հազար աշխատողներից 152 հազարը, այսինքն յուրաքանչյուր երրորդը ցույց է տվել, որ ինքը ստանում է 20 հազար դրամ աշխատավարձ: Այդ գումարն այն չափն է, որից վճարվում է նվազագույն սոցվճար: Սակայն հիմնադրամը դեռեւս չի դարձել սոցիալական ապահովագրական կամ կուտակային կառույց, ինչը կխթաներ քաղաքացիներին վճարումներ կատարել իրենց հաշվին թոշակային տարիքի ժամանակ ավելի մեծ գումարներ ունենալու նպատակով: Ներկայումս օրենսդրական հիմք դրա համար չկա, բայց Վազգեն Խաչիկյանի կարծիքով, հնարավոր է 2006 թ. անցում կատարել վերոնշյալ համակարգերին:
Ինչպե՞ս եւ ո՞ր բանկում են կառավարվում հիմնադրամի գումարներըՙ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց, որ դրանք ներկայումս տեղաբաշխված են «Հայինվեստբանկում»: Սակայն մրցույթ է հայտարարվել այդ գումարը 3 բանկերի կողմից սպասարկելու համար, որին արձագանքել են 4 բանկեր: Հիմնադրամի նախագահի կարծիքով, մրցույթը հապճեպ է անցկացվել, որին անհրաժեշտ հրապարակայնության դեպքում շատ ավելի մեծ թվով բանկեր ցանկություն կունենային մասնակցել: Նշելով, որ նոր նշանակված ժամանակ ինքը չի մասնակցել այդ գործընթացին, նա հնարավոր համարեց նոր մրցույթի անցկացումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ