«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2005-03-26 | #54, 2005-03-29 | #55, 2005-03-30


«ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒՆԻ ԻՐ ՊԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՄՔ, ԿՀԱՍՆԻ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ»

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Մեր մաղթանքն է, որ հայ ժողովուրդը վերականգնի իր սահմանները, տիրանա իր պատմական հողերին եւ ստեղծի ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան», Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ 12 արաբ ցեղախմբերի աշիրեթապետների աղոթքից հետո բոլորի անունից ասաց ալ թայ ցեղախմբի աշիրեթապետ Մուհամմադ ալ Ֆարեսը:

Հյուսիսային Սիրիայի ազդեցիկ աշիրեթապետների պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամների ուղեկցությամբ երեկ այցելեց Ծիծեռնակաբերդՙ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանցից ամեն մեկն ասելիք ուներ, որովհետեւ իր հետ բերել էր սեփական գերդաստանի հիշողությունները թուրքերի ջարդերից մազապուրծ գաղթական հայերի ու նրանց սովալլուկ որբերի մասին:

Շեյխ ալ Ֆարեսը հիշեց իր մեծ հոր պատմածը, որ իրենց բնակության շրջանը վտանգավոր է եղել հայերի համար եւ նրանց կյանքն ապահով դարձնելու համար իր ցեղախմբի մարդկանց ուղեկցությամբ հայերին ուղարկել է Սնջար լեռան մոտ բնակվող մի եզդու մոտ, մինչեւ իրենց շրջանում դրությունը փոքր-ինչ կհանդարտվեր:

«Սիրիայում ապրող մեր հայ եղբայրները մեր կյանքի մի մասնիկն են, ձեռք ձեռքի տված մասնակցում են Սիրիայի հասարակական, տնտեսական եւ մյուս ոլորտների բարգավաճմանն ու զարգացմանը: Սկզբնական շրջանում հայերը ապրում էին գյուղական վայրերում, արաբների հետ վար ու ցանք անում, զբաղվում անասնապահությամբ, հագնում մեր ազգային տարազը, պահպանում մեր սովորություններն ու բարքերը: Նրանք իրենց կյանքն ապրեցին մեր կողքին, նույնացան մեզ հետՙ ցույց տալով իրենց քաջությունը, հյուրասիրությունը, անկեղծությունը, իրենց նկարագրի բոլոր լավագույն գծերը: Ավելին, մեր ցեղախմբերի վեճերի, տարակարծությունների, անգամ ընդհարումների ժամանակ նրանք մասնակից էին դառնումՙ դրսեւորելով հայ ժողովրդի ամենագլխավոր հատկանիշըՙ խաղաղասիրությունը: Հայերի մեջ իրենք երբեք չար տրամադրություններ չեն նկատել», ասաց նա: Նա կատակով ավելացրեց, որ արաբների հետ անապատային կյանքով ապրող հայերը նույնիսկ սկսել են նրանց պես ձեռքով ուտել:

«Ազգի» հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին, նա ասաց, որ այսօրվա Հայաստանի գոյության փաստը մեծագույն պատասխանն է թուրքերին, եւ Հայոց ցեղասպանության նրանց ճանաչումը այդքան էական չէ: «Իրավունքը միայն պահանջողինն է, քանի դեռ հայ ժողովուրդն ունի իր պահանջը շարունակելու կամքը, վստահ եմ, որ անպայման կհասնի իր իրավունքներին»:

Բագարա ցեղախմբի երկրորդ ճյուղի շեյխ Նաուաֆ ալ Բաշիրը պատմեց, որ արաբներն օժանդակել են հայերին նույնիսկ այն ժամանակ, երբ հրահանգված է եղել չօգնել նրանց, չենթարկվելու դեպքում սպառնացել են մահվան դատապարտել: Սակայն արաբներն առանց վախի իրենց տներում ապաստան են տվել գաղթական հայերին, նրանց վերաբերվելով որպես հարազատների:

«Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնողներին նրանք կամենում են ասել, որ իրենց հայրերը եղել են դրա անմիջական ականատեսները, հայերին փրկողները, որ նրանց տեսածն ու պատմածը իրականություն է, եւ այդ փաստն այստեղ ներկա է», ասաց Հալեպի առաջնորդարանի անդամ Խաչիկ Մաջիկյանը:

Աշիրեթապետների պատմելով, գերդաստանի ավագները սերունդներին ավանդել են իրենց կողքին միշտ տեղ տալ հայերին, նրանց ընդունել հարազատ զավակների պես: Ալ թայ ցեղախմբի երկրորդ ճյուղի աշիրեթապետ Մուհամադ ալ Թահին իր պապից լսել է, որ իրենց գերդաստանում ապաստան գտած հայերի մեջ եղել են նորածին որբուկներ, նրանց կրծքով կերակրել են արաբ կանայք: Մոտ 70 հայերի մի մասը 1946 թ. գաղթել է Հայաստան, մյուս մասը դարձել գերդաստանի անդամ, հարս կամ փեսաՙ արաբների հետ խառը ամուսնությունների հետեւանքով: Նա համոզված է, որ Թուրքիան պետք է ընդունի իր գործած ոճիրը, հատուցի նյութական, բարոյական, հողային վնասները եւ դրանով վերականգնի պատմական արդարությունը:

Պատվիրակության կազմում էր նաեւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ աշիրեթապետները, որոնցից 3-ը խորհրդարանի պատգամավորներ են, իրավունք ունեն արտահայտելու միայն իրենց անձնական տեսակետները, որովհետեւ Սիրիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական տեսակետ դեռ չի արտահայտել: Նրանց այցը զուտ ճանաչողական է եւ որեւէ կապ չունի Սիրիայի արտաքին քաղաքականության հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4