«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2005-03-26 | #54, 2005-03-29 | #55, 2005-03-30


ՄԵԾ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑԻՆ

Ե՞րբ կլինի դրանց ժամանման մասին քաղաքապետարանի նոր հայտարարությունը

Երկու շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը հերթական հայտարարությունն արեց մայրաքաղաքի տրանսպորտային սպասարկման բարելավման համար մեծ տարողությամբ ավտոբուսների անհրաժեշտության, դրանցից 10-ն առաջիկա օրերին Հայաստան հասցնելու եւ եւս 10-ի վերաբերյալ նոր պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Դա տրանսպորտի վարչության պետի եւ քաղաքապետի նմանատիպ ուղիղ 128-րդ հայտարարությունն էր, որը երեւի դարձյալ արվեց այն հույսով, որ ավտոբուսներն, ի վերջո, կդադարեն իրենց թանկացնելուց եւ ինքնուրույն կժամանեն Երեւան: Քաղաք, որտեղ նրանց այդքան սիրում են եւ անհամբեր սպասում: Սակայն ի զարմանս քաղաքապետարանի ղեկավարների, դա այս անգամ էլ տեղի չունեցավ: Ավտոբուսներն ավելի աներես դուրս եկան, քան նրանց սպասող երեւանցիները:

Ընդ որում, ոչ մի կերպ Հայաստան չեն հասնում ոչ միայն նոր 40 կամ 100 (նայած թե որ օրն ինչ թիվ են ասել քաղաքապետարանի պաշտոնյաները) ավտոբուսները, որոնց ձեռքբերման վերաբերյալ իբր պայմանավորվածություն էր կայացել Մինսկի ավտոգործարանի ղեկավարների հետ, այլեւ 10-15 տարի Եվրոպայում աշխատածները: Դեռեւս նախորդ քաղաքապետի եւ Լիոնի քաղաքապետ պայմանավորվածությամբ Հայաստան բերվելիք 40 ավտոբուսներից միայն 22-ն են տեղ հասել: Հասկանալի է, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապվելու կոմունիկացիոն խնդիրներ ունի, սակայն այն մեկ-երկու տարին, ինչ խոստումներ են տրվում նոր կամ հին ավտոբուսներ բերելու, բավարար էր դրանք մի քանի անգամ Հայաստան բերելու եւ տանելու համար: Իսկ եթե յուրաքանչյուր անգամ հայտարարված ժամկետին ավտոբուսներն իսկապես գային Հայաստան, ապա հիմա դրանցով ապահովված կլինեին ոչ միայն մեր, այլեւ տարածաշրջանի բոլոր մայրաքաղաքները:

Կարծում ենք, ընկճվել պետք չէ: Երեւանի քաղաքապետն ու տրանսպորտի վարչության պետը շուտով հերթական մամուլի ասուլիսի ժամանակ կրկին հանդես կգան մեծ տարողությամբ ավտոբուսների անհրաժեշտության եւ առաջիկա 10 օրերին դրանց հերթական ժամանման մասին: Մնում է միայն հուսալ եւ... սպասել կանգառում մինչեւ կարողանաս խցկվել քեզ անհրաժեշտ երթուղայինի մեջ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4