Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների վերջին պաշտոնական հանդիպումը կայացել էր 2001 թվականին, 2003 թվականի հոկտեմբերին նախատեսված հանդիպումը թուրքական կողմը չեղյալ հայտարարեց Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայի Վո կանտոնի խորհրդարանում ճանաչվելու պատճառով: Նույն տարվա դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը:
«Թրքիշ դեյլի նյուզի» հաղորդմամբ, օրերս եռօրյա այցով Անկարա ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Կալմի-Ռեյը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի եւ արտգործնախար Աբդուլլահ Գյուլի հետ: Շվեյցարիայի արտգործնախարարը Անկարային կոչ է արել մանրամասն ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայերի ջարդի վերաբերյալ պնդումները:
«Մեր կարծիքով, չափազանց կարեւոր է, որ յուրաքանչյուր երկիր անցկացնի սեփական անցյալի խոր պատմական ուսումնասիրություն, մանավանդ երբ հարցը այդքան ցավոտ է», Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարը: Իսկ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ ցեղասպանության մեղադրանքներն ընդամենը անընդունելի հայտարարություններ են, որոնց հեղինակները հայկական սփյուռքի ներկայացուցիչներն են, որոնք իրենց շահերի համար թունավորում են այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները:
Շվեյցարիայի արտգործնախարարի խորհրդական Ռոբերտո Բալզարետին նախօրոք հայտնել էր, որ այցի ընթացքում նախատեսված էր քննարկել մարդու իրավունքներին, ազգային փոքրամասնություններին, ինչպես նաեւ 2 երկրների տնտեսական եւ այլ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նա նաեւ նշել էր, որ Միշելին Կալմի-Ռեյը դժվար թե խուսափի երկու երկրների հարաբերությունների վրա բացասաբար ազդած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից:
«Շվեյցարիա-Հայաստան» կազմակերպության նախագահ Շտեֆան Քրիստենսենը «Տան» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Շվեյցարիայի արտգործնախարարի այցի հիմնական նպատակը հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելն է:
Ռ. Պ.