Հայաստանում են սլովենացի գործարարները
Նախկին Հարավսլավիայի թերեւս ամենաբարգավաճ երկրիՙ Սլովենիայի գործարարների եւ նրանց հայ գործընկերների կապերը զարգացնելու նպատակ էր հետապնդում երեկ «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցած հայ-սլովենական գործարար համաժողովը: Ինչպես ներկաներին տեղեկացրեց Հայաստանում Սլովենիայի դեսպան տիկին Յոժեֆա Պոհարը, համաժողովը անց է կացվում այդ երկրի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Նա հայտնեց, որ 15 սլովենացի գործարարներ են մասնակցում համաժողովին: Իսկ Սլովենիայի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Նատաշա Մարակեն ներկայացրեց իր երկրի մակրոտնտեսական ցուցանիշներն ու Հայաստան-Սլովենիա ապրանքաշրջանառության ծավալները:
Երկու միլիոն բնակչություն ունեցող այդ փոքրիկ երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անցյալ տարի 26 մլրդ եվրո էր, տնտեսական աճըՙ 4,5 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը նույնպես տպավորիչ էՙ 16400 եվրո: Համախառն ներքին արդյունքի մեջ առավել մեծ տեղ են զբաղեցնում ծառայություններըՙ 61 տոկոս, արդյունաբերությունըՙ 33 տոկոս, շինարարությունըՙ 5,5 տոկոս: Առեւտրային հիմնական գործընկերներն են հարեւան երկրներըՙ Ավստրիան, Իտալիան, Հունգարիան, ինչպես նաեւ Գերմանիան եւ Ֆրանսիան:
Հայաստան-Սլովենիա ապրանքաշրջանառությունը կազմում է 1,1 մլն դոլար: Սլովենիայից Հայաստան ներմուծվում են մոտ 1 մլն դոլարի ապրանքներ: Գերակշռում է դեղագործական արտադրանքըՙ մոտ 700 հազար դոլար: Հայաստանից Սլովենիա արտահանվում են տարեկան մոտ 100 հազար դոլարի ապրանքներ, գլխավորապես տեքստիլ եւ քիմիական արտադրանք:
Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները սլովենացի գործարարներին ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը:
Գործարար համաժողովը կազմակերպել էին Հայաստանի արտգործնախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը:
Ա. Մ.