Մարտի 29-30-ը ՀՀ ԱԺ-ում անցկացված խորհրդարանական լսումներից վերադառնալով, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ նույն հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Պետրոսյանը երեկ հրավիրեցին համատեղ մամուլի ասուլիս:
Կարեւորելով լսումների դերը, Վ. Աթանեսյանը նշեց, որ իրենց համար բովանդակային առումով նշանակալից էին հատկապես ՀՀ արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հայեցակարգային զեկուցումները, որոնք վերահաստատեցին Հայաստանի Հանրապետությանՙ ղարաբաղյան կարգավորման նկատմամբ պետական մոտեցման անշրջելիությունը, մասնավորապես հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելըՙ բացառելով Ադրբեջանի կազմում Ղարաբաղի մնալը, ԼՂՀ-ի անկլավային վիճակի անհնարինությունն ու անվտանգության միջազգային երաշխիքի ապահովումը:
Վ. Աթանեսյանը միաժամանակ կարեւոր համարեց այն հանգամանքը, որ անկախ ներքաղաքական վիճակիցՙ ՀՀ քաղաքական ուժերը Ղարաբաղի հարցում ունեն ընդհանուր տեսակետներ եւ վեր են կանգնած կուսակցական ու հատվածական մոտեցումներից:
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը լրագրողներին տեղեկացրեց, թե քանի որ ԼՂՀ-ի պաշտոնական տեսակետը ներկայացրել է արտգործնախարար Արման Մելիքյանը, ուստի իրենք երկուսով ցանկություն են հայտնել հանդես չգալ հայեցակարգային զեկուցմամբ, ինչը պատճառաբանվում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի տարաշերտ քննարկումներում ու բանակցություններում իրենց ոչ լրիվ իրազեկությամբ: Դրա փոխարեն, օգտվելով առիթից, նրանք շահեկան հանդիպումներ են ունեցել հայաստանյան գործընկերների հետՙ ինչպես քաղաքական կոալիցիայի, այնպես էլՙ ընդդիմության անդամների: Միեւնույն ժամանակ իրենց տեսակետները ինքը եւ Գ. Պետրոսյանը առանձին գրավոր ներկայացրել են լսումների կազմակերպիչներին, եւ առաջիկայում հրատարակվելիք ժողովածուում, մյուս ելույթների ու զեկուցումների հետ, կտպագրվեն նաեւ իրենց տեսակետները:
Մեկնաբանելով իր անձնական մոտեցումը, Վ. Աթանեսյանը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադր. ԽՍՀ-ի տրոհմամբ ի հայտ եկած երկու պետական կազմավորումներիցՙ Ադրբեջանի Հանրապետությունից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից միջազգային հանրությունը առայժմ միայն մեկինՙ Ադրբեջանին է ճանաչել: Դրան չի կարելի համաձայնել, որովհետեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի ընդգրկումով ճանաչելը նշանակում է պարզապես ճանաչել Ադրբեջանական ԽՍՀ-ին: Պետք է ձգտել, որ ԼՂՀ-ն եւս ճանաչվի միջազգայնորեն, քանի որ Ղարաբաղը ինքնուրույնություն է ձեռք բերել նույն այն իրավական հիմքով, ինչ Ադրբեջանը: Նա նշեց նաեւ, որ Ղարաբաղը մեծ դեր է խաղացել ԽՍՀՄ փլուզմամբ նոր աշխարհակարգի ստեղծման գործում, ուստի միջազգային հանրությունը պետք է արժանվույն գնահատի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ավանդը:
Իր հերթին Գ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ իր տեսակետները խարսխված են ԼՂՀ իրավական կարգավիճակի վրա եւ բանակցություններում պետք է բոլոր շեշտադրումները ուղղվեն հենց դրան: Նա այս համատեքստում կարեւորեց Ադրբեջանի հետ Ղարաբաղի պետական սահմանի ճշտման խնդիրը:
Մեր այն հարցին, թե ինչպես են արցախցի խորհրդարանականները արձագանքել ՀՀ ԱԺ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վ. Կազիմիրովի հնչեցրած քաղաքական ձեւակերպումներին, Վ. Աթանեսյանը ներկայացնելով նաեւ Գ. Պետրոսյանի կարծիքը, ասաց, որ իրենք զարմացած են ՀՀ իրենց որոշ գործընկերների այդքան հուզական վերաբերմունքից: Ըստ Վ. Աթանեսյանի, Կազիմիրովը թեպետ հիմա պաշտոնաթող է, սակայն նա ներկայացրել է ղարաբաղյան հարցում իր երկրի ընկալումները:
Լրագրողներին հետաքրքրում էին նաեւ հետխորհրդային տարածքում հակամարտությունների նույնականացման վերաբերյալ արցախցի խորհրդարանականների մոտեցումները: Վ. Աթանեսյանն այս առնչությամբ ասաց, որ Ղարաբաղի պարագան միանգամայն զանազանվում է Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրներից, ինչը արդեն նշում են նաեւ ԵԱՀԿ պաշտոնյաները: Նա ընդգծեց, որ ի տարբերություն վերոհիշյալ մյուս կազմավորումների, որոնք պետականություն են ինքնահռչակել Խորհրդային Միության փլուզումից հետո, Լեռնային Ղարաբաղը այս հարցը լուծել է դեռեւս ԽՍՀՄ-ի օրոքՙ ի պատասխան Ադրբեջանի անկախացման հռչակագրի:
Ինչպե՞ս են Արցախի խորհրդարանի անդամները վերաբերվում առաջիկայում ԼՂՀ-ում անկախության նոր հանրաքվեի հնարավորությանը: Այս կապակցությամբ Վ. Աթանեսյանն ասաց, որ անկախության հանրաքվե Ղարաբաղում անցկացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին, եւ դրա անհրաժեշտությունը, թվում է, չկա: Բայց եթե միջազգային կառույցները պնդեն նոր հանրաքվեի անցկացումը, ապա չպիտի հրաժարվել. կարեւորը Արցախի ժողովրդի կամքի վերահաստատումն է:
Տարածքային զիջումների վերաբերյալ տված հարցին պատասխանելով, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի կազմող տարածքներին, ապա դրա իրավասությունը բացառապես պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, եւ միայն նրա կամքը պետք է այստեղ գերակա լինի:
«Հնարավո՞ր են առաջիկայում համանման խորհրդարանական լսումներ նաեւ Ստեփանակերտում» հարցին Վ. Աթանեսյանը պատասխանեց, որ ԼՂՀ սպասվող խորհրդարանական ընտրությունների համապատկերին նման միջոցառումը ճիշտ չի ընկալվի: Առավել հավանական է, որ դրանց կարող է ձեռնամուխ լինել 4-րդ գումարման Ազգային ժողովը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ