Մաղթեց արաբ աշիրեթապետը
Հալեպի հայ համայնքի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանների 12 արաբ ցեղախմբերի աշիրեթապետներն անցնող 5 օրերի ընթացքում իրենց բնավ չեն զգացել օտար երկրում, այլՙ երկրորդ հայրենիքում, որովհետեւ պատմության դաժան դիպվածի բերումով խորությամբ ճանաչել են հայերին եւ առաջին անգամ նրանց հայրենիք այցելելով չեն զարմացել ոչ նրանց ջերմ հյուրասիրությունից, ոչ էլ անկեղծ զգացմունքներից: Նրանք մեր երկրից կմեկնեն կիրակի, արդեն ունեցել են բազմաթիվ հանդիպումներ եւ այցեր, առաջիկա 2 օրերին դրանց կավելանան նաեւ Էջմիածինն ու Արագածոտնի մարզը:
Նրանց Հայաստան բերելու գաղափարը ծնվել էր 3 տարի առաջ Դեր Զորումՙ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հանդիսության ժամանակ, որտեղ հայ համայնքը երախտագիտություն էր հայտնել արաբ ժողովրդին եւ հուշանվերներ հանձնել աշիրեթապետներինՙ հայ ժողովրդի վերջին բեկորները թուրքական յաթաղանից փրկելու համար:
Հայաստանից իրենց տպավորությունների մասին նրանք խոսեցին երեկ «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած մամլո ասուլիսում: Շեյխ Աբդել Ուահաբ Իսա Սուլեյմանը նշեց, որ այցի առաջին իսկ վայրկյանից հայաստանցիներն իրենց պարուրեցին ջերմությամբ ու անկեղծությամբ. «Մեր պատմական կապերի շնորհիվ մենք լավ գիտենք հայ ժողովրդի զգացմունքները, նրա նկարագրի լավագույն գծերը: Մեր պապերն ու հայրերը ապրել են միասին եւ լավ ճանաչել միմյանց: Թող Հայաստանը դառնա սիրո, խաղաղության եւ գեղեցկության երկիր»:
Շեյխ Հասան Օբեյդ էլ Խալիլը արաբ եւ հայ ժողովուրդներին մաղթեց սեր, անկեղծություն եւ հարատեւ կյանք. «Այս պահն ինձ համար պատմական է, որովհետեւ պետք է խոսեմ ճակատագրական հարցի մասին, որ յուրաքանչյուր հայի սրտում խոր տեղ ունի: Հայոց ցեղասպանության մասին շատ եմ լսել իմ հայրերից եւ խորապես ազդվել եմ մանկության օրերից սկսած: Արաբներն ամեն ինչ գիտեն, որովհետեւ իրենց օջախներում ընդունել են բազմաթիվ հայ գաղթականների, ծառայություններ մատուցել նրանց: Չեմ ուզում ավելին ասել, այլ կոչ եմ անում բոլոր միջազգային կազմակերպություններինՙ վերանայելու իրենց կեցվածքը Հայոց ցեղասպանության հարցում, որպեսզի հայ ժողովուրդը վերագտնի իր արդար իրավունքներն ու պահանջները»:
Բռնության եւ հալածանքների ենթարկված արաբ եւ հայ ժողովուրդների ճակատագրերի ընդհանրության մասին խոսեց Շեյխ Նաուաֆ ալ Բաշիրը, դրա կողքին ընդգծելով հայերի եւ հրեաների, ավելի ճիշտՙ սիոնիստների պահվածքի տարբերությունը: «Ազնիվ հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից 90 տարի անց երախտագիտություն է հայտնում ջարդի տարիներին իրեն օգնության հասած արաբ ժողովրդին, դրա դիմաց փոխհատուցում սիրով, հարգանքով ու հյուրընկալությամբ, իսկ սիոնիստներըՙ չեմ ուզում ասել հրեա, որովհետեւ դա կրոնական խմբավորման հասկացողություն է, իրենց հանդեպ մեր մարդկային մոտեցմանը պատասխանում են ջարդով եւ բռնությամբ: Ահա հայերի ու հրեաների տարբերությունըՙ մեկը փոխհատուցում է հարգանքով, մյուսըՙ բռնությամբ»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ