«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2005-04-01 | #58, 2005-04-02 | #59, 2005-04-05


ԼՂՀ. ՀՈՒՅՍԵՐ ԵՎ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Արդեն հայտնի է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների օրըՙ հունիսի 19-ը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները համարյա ավարտել է: ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, ձեւավորվել են բոլոր ընտրատարածքային հանձնաժողովները, մշակվել եւ ընդունվել են ընտրությունների օրինական կազմակերպմանն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերն ու նորմերը, որոնք ուղարկվել են հանձնաժողովներ:

Այս ընտրությունների առանձնահատկությունը, ըստ Ս. Նասիբյանի, այն է, որ առաջին անգամ կիրառվելու է համամասնական ընտրակարգը: Համաձայն ընտրական նոր օրենսգրքիՙ պատգամավորական տեղերի համար կարող են պայքարել նաեւ կուսակցությունները, որի նպատակով նախատեսված է 11 տեղ համամասնական ընտրությունների համար: Բնականաբար, նրանք պայքար կծավալեն նաեւ մեծամասնական տեղերի համար, ինչը նշանակում է, որ ապագա խորհրդարանը հիմնականում կուսակցականացված է լինելու:

Ս. Նասիբյանը տեղեկացրեց, որ նախկին 33 ընտրատարածքի փոխարեն այժմ լինելու է 22 ընտրատարածք, որից 8-ըՙ մայրաքաղաք Ստեփանակերտում, 4-ըՙ Մարտունու, 3-ըՙ Մարտակերտի, 2-ականՙ Հադրութի ու Ասկերանի եւ 1-ականՙ Շահումյանի, Քաշաթաղի ու Շուշիի շրջաններում: Պատգամավորության թեկնածուները գրանցվելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնեն ապրիլի 5-10-ը, ընդ որումՙ գրանցման ստուգումները պետք է ավարտվեն ընտրություններից 45 օր առաջՙ մայիսի սկզբին: Շուրջ մեկ ամիսը բավականին մեծ ժամկետ է, որպեսզի այդ ընթացքում կանխարգելվեն քարոզչության փորձերը, ինչը չի բացառվում: Մտահոգություններ արտահայտելով այս առնչությամբ, Ս. Նասիբյանը նաեւ նշեց, որ արդեն այսօր որոշ գործող պատգամավորներ քարոզչական աշխատանք են ծավալում, որն օրենքով արգելվում է: Համենայն դեպս, ջանքեր են գործադրվելու, որպեսզի այս միջանկյալ ժամանակահատվածում պատգամավորության թեկնածուները եւ նրանց սատարող ուժերը ձեռնպահ մնան քարոզչությունից: Նկատենք, որ այդ գործընթացը բավական բարդ է լինելու, որովհետեւ բացի գործող պատգամավորներից, այսպես կոչված անլեգալ քարոզչություն են տանում նաեւ ապագա մյուս թեկնածուները:

Ս. Նասիբյանը միաժամանակ տեղեկացրեց, որ քարոզչության առումով պետական լրատվամիջոցներով, առաջին հերթինՙ եթերային, իրավունք է վերապահված միայն համամասնական ընտրությունների համար: Քանի որ Ղարաբաղում չկան մասնավոր հեռուստա եւ ռադիոընկերություններ (բացառությամբ Ստեփանակերտում հեռարձակվող երեք ռադիոալիքների, որոնց հաղորդումների շրջանակը սահմանափակվում է երաժշտությամբ, առեւտրային գովազդներով եւ փոխշնորհավորանքներով), ուստի առաջիկա ամիսներին թեկնածուների համար պետական լրատվամիջոցներն են հիմնականում դառնալու քարոզչության ամբիոն: Տպագիր լրատվամիջոցներով քարոզչություն ծավալելու հարցը, Ս. Նասիբյանի տեղեկատվությամբ, դեռեւս պետք է քննարկվի: Նշենք, սակայն, որ անկախ այն բանից, թե ինչ կորոշի այս առնչությամբ ԿԸՀ-ն, Արցախում լույս տեսնող ոչ պետական համարվող թերթերն անարգել անելու են իրենց գործը, որովհետեւ դրանք կամ կուսակցական թերթեր են, կամ էլՙ կուսակցություններին սպասարկող մասնավոր լրատվամիջոցներ:

Դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունն ընտրությունների ժամանակ ապահովված է լինելու: «Ազգի» թղթակցին Ս. Նասիբյանը իրազեկեց, որ հավատարմագրումը սկսվելու է ապրիլի 10-ից հետո եւ ավարտվելու է ընտրություններից 10 օր առաջ, սակայն բացառություններ են լինելու միջազգային դիտորդների համար, որոնք կարող են ներկայանալ նաեւ ընտրությունների նախօրյակին:

Ինչ մնում է զինծառայողների մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին, ապա ժամկետային ծառայողների համար սահմանափակ է լինելու, այսինքնՙ նրանք կարող են մասնակցել միայն համամասնական ընտրություններին, իսկ սպաները եւ ենթասպաները կկարողանան մասնակցել նաեւ մեծամասնական ընտրություններին: Այս կարգն, ի դեպ, նախատեսված է ընտրական օրենսգրքով:

Ընտրական շեմ է համարվում ընտրողների 25 տոկոսի մասնակցությունը: 2000 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ԿԸՀ տված տվյալներով, մասնակցել է ընտրողների 59,7 տոկոսը, ընդ որումՙ ամենաքիչը եղել է մայրաքաղաք Ստեփանակերտումՙ 39 տոկոս: Եթե հաշվի առնենք, որ անցած ամռանը կայացած ՏԻՄ ընտրություններին Ստեփանակերտում մասնակցել է ընտրողների շուրջ 60 տոկոսը, ապա կարելի է ենթադրել, որ գալիք խորհրդարանական ընտրությունները ավելի ակտիվ մասնակցություն են արձանագրելու: Դրա մի պատճառաբանումը թերեւս, կուսակցությունների աննախադեպ ակտիվությունն է եւ հավակնություններիՙ այսօր իսկ ակնհայտ դրսեւորումը: Դա նշանակում է, որ գարունը իրոք քաղաքական առումով տաք է լինելու, իսկ թե ինչ են ցույց տալու արդյունքները, պարզ կդառնա հունիսի 19-ին: Այս թվի հետ քաղաքական ուժերը մեծ հույսեր են կապում առաջին հերթինՙ ընդդիմադիր ուժերը:

Անդրադառնալով Ադրբեջանի արձագանքներին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ԿԸՀ նախագահը դրանք անհիմն համարեց, ընդգծելով, որ 1991 թվականից Ղարաբաղում անցկացված բոլոր ընտրությունների ժամանակ էլ Ադրբեջանը նման փորձեր արել է: Քաղաքական այս կարգի միջոցառումներին միշտ մասնակցել են միջազգային դիտորդները եւ փաստել դրանց ժողովրդավարական բնույթը, հատկապեսՙ Ադրբեջանում առկա ժողովրդավարության իրական վիճակի հետ համեմատությամբ: ԼՂՀ ԱԺ հերթական ընտրությունները չորրորդն են եւ դրանց ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ անցկացումը, ինչպես միշտ, ոչ մի կասկած չի հարուցում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4