Ապրիլի 4-ից Արցախի հանրային ռադիոն ժամանակավորապես դադարեցրել է իր հեռարձակումները: Դա պայմանավորված է վերազինման ու նորոգողական աշխատանքներով: Ժամանակակից նոր տեխնիկա ձեռք բերելու համար համապատասխան միջոցներ հատկացրել է պետությունըՙ պետբյուջեի հաշվին:
ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Վարդգես Բաղրյանի խոսքովՙ այդ աշխատանքները կտեւեն մոտ մեկ ամիս, իսկ վերագործարկումից հետո, նախկինում օրական մեկ ժամ եթերի փոխարեն, ռադիոյի հաղորդումների ծավալը կավելանա եւս մեկ ժամով: Մինչեւ տարեվերջ, եթե լուծվի հաղորդակի հարցը, նախատեսվում է եթերային ժամանակը հասցնել օրական մինչեւ 6 ժամի: Այս ուղղությամբ, ըստ Վ. Բաղրյանի, նախնական աշխատանքներ արդեն ընթանում են: Գործադիր տնօրենը հավաստիացնում է, որ ծրագրերը երկարաձգելու դեպքում ռադիոընկերության անձնակազմն ի վիճակի է ապահովել որակյալ եթերը:
1927 թվականից գործող Արցախի ռադիոն ժամանակավոր ընդմիջումներ ունեցել է նաեւ 1991 եւ 1992 թվականներին: Առաջին դեպքում հայկական եթերասփյուռը հարկադրաբար դադարեցրել էր ԼՂԻՄ Կազմկոմիտեն, որը գլխավորում էր Ադրբեջանից քաղաքական հատուկ առաքելությամբ Ղարաբաղ ուղարկված Վիկտոր Պոլյանիչկոն, իսկ երկրորդ դեպքումՙ 1992-ի փետրվարին, հեռուստառադիոյի շենքը հրի էր մատնել Շուշիից արձակված հրթիռը: Արդեն հունիս ամսից, սակայն, վերականգնվել են ռադիոհաղորդումները: Արցախյան պատերազմի տարիներին ռադիոն մեծ դերակատարություն է ունեցել բնակչությանը ռազմական իրավիճակի մասին օպերատիվ տվյալներ մատուցելու, առանձնապես վիրավոր ազատամարտիկներին շտապ արյուն հասցնելու եւ օդային տագնապներ ազդարարելու գործում:
Ղարաբաղի հայության համար ռադիոն խորհրդային տարիներին եղել է միակ եթերային լրատվամիջոցը, որը կարողացել է հագեցնել արցախցիների հոգեւոր ծարավըՙ մշտավառ պահելով նրանց հայկական ոգին: Այս առումով Արցախի ռադիոյի հասարակական պահանջվածության աստիճանը միշտ էլ բարձր է եղել: Ցավոք, 1990-ական թվականների կեսերին, ԼՂՀ այն ժամանակվա կառավարության ղեկավարի թեթեւ ձեռքով, հանրապետության տարածքում վերացվել է գծային ռադիոնՙ բնակչության մեծամասնությանը պարտադրելով հաղորդակից լինել արցախյան ռադիոեթերին միայն ռադիոընդունիչների միջոցով: Այդուհանդերձ, հիմա էլ Արցախի հանրային ռադիոն դարձյալ իր կայուն լսարանն ունի, որի տարածքը աստիճանաբար ավելի է մեծանում:
ՀՌԸ գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ տեխնիկական վերազինում նախատեսվում է նաեւ հանրային հեռուստատեսությունում: 1997 թվականին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի տրամադրած սարքավորումներին կհավելվեն ԼՂՀ պետբյուջեի հաշվին ձեռք բերված նոր հեռուստասարքավորումները, ինչը հնարավորություն կտա այս տարվա սեպտեմբերի 2-ից կրկնակի դարձնել ամենօրյա մեկժամյա հեռուստաեթերը, իսկ արդեն նոր տարվանիցՙ հեռուստահաղորդումները, ինչպես ռադիոյի դեպքում, եթեր արձակել օրական 5-6 ժամով:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ