«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2005-04-01 | #58, 2005-04-02 | #59, 2005-04-05


ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻՆ

Վերջերս հայաստանյան մամուլը հաճախ է անդրադառնում ծխելու մասին ԱԺ ընդունած օրենքին: Հետաքրքրությունը չգործող կամ իբր գործող օրենքներից հատկապես այս մեկի հանդեպ թերեւս հասկանալի է. Հայաստանի չափահաս բնակչության 65 տոկոսից ավելին ծխում է: Ծխելու ցուցանիշով մենք աշխարհում առաջատար դիրքերում ենք: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ առաջատար դիրքերում պիտի լինեինք նաեւ ծխելու դեմ պայքարի առումով, եթե, իրոք, պետական հոգածություն կա բնակչության առողջության պահպանման ոլորտում: Իրականում լրիվ հակառակն է: ԱԺ-ն ձեւականորեն քվեարկեց-ընդունեց հիշյալ օրենքը եւ առանց կիրարկման մեխանիզմ մշակելու նետեց մի կողմ: Այսինքն, այս օրենքը եւս գնաց համալրելու եղած-չեղած օրենքների լղոզված շարքը: Մայրաքաղաքը տառացիորեն ողողված է ծխախոտ ու ոգելից խմիչք գովազդող վահանակներով, որոնց տակով ու կողքով այսպես կոչված աշխատանքի են շտապում ազգընտիր պատգամավորները, գործադիր իշխանության վարկը անսասան պահող չինովնիկները: Մի օրենք էլ, գուցե, անհրաժեշտ է ընդունել հավկուրության դեմ, որ այդ մարդիկ տեսնեն իրենց ընդունած օրենքի բոմժային վիճակը անկախ Հայաստանի մայրաքաղաքում: Ըստ այդ օրենքի, արգելվում է ծխել հասարակական վայրերում, ուսումնական հաստատություններում, փոխադրամիջոցներում:

Ի դեպ, օրենքով չի արգելվում ծխախոտ գովազդող վահանակներ, պլակատներ փակցնել խանութներում, կրպակներում եւ այլուր:

Օրենքն առանց կիրառման կոնկրետ մեխանիզմի դառնում է դատարկ կարգախոս կամ բարի ցանկություն, իսկ եթե օրենսդրական տերմինով ասենք` կենաց:

Եվ վերջապես, ո՞վ է այն տղամարդը, որ ռեստորանում ուտող-խմող տղերքին, իսկ երթուղային տաքսիում (քաղաքում գործող միակ իրական փոխադրամիջոցում) վարորդին պիտի արգելի ծխել` առանց դուրս շպրտվելու վտանգի: Իսկ կաշառք վերցնելու պարագան բացառվում է, քանի որ Հայաստանում կիրառվում է հակակոռուպցիոն ռազմավարական աբսուրդը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4