Երրորդ տարին է Ամիրյան 13 հասցեում բացված «Արամե» պատկերասրահն արվեստասեր հանրության հետ երկխոսություն է սկսել գեղանկարչության որոշակի ուղղության եւ գեղագիտական արժեքների շուրջ: «Արամեն» համախոհ արվեստագետների կայացած շրջանակ ունի. շուրջ 13 հայ գեղանկարիչներ աշխարհայացքային եւ գեղարվեստական մտածողության սկզբունքային ընդհանրություններով իրականացնում են պատկերասրահի մշտական գործունեությունը: Ցուցասրահի էքսպոզիցիան հաճախակի փոփոխությունների է ենթարկվում, եւ պատկերասրահը լայնացնում է իր շուրջը համախմբված գեղանկարիչների շրջանակը. հիմնական հեղինակներիՙ Ռուբեն Աբովյանի, Գեւորգ Եղիազարյանի, Շոթա Ոսկանյանի, Սարգիս Համալբաշյանի, Կայծ Վանիկյանի աշխատանքները համալրում են երիտասարդ շնորհալի արվեստագետներ Վահագն Ջիվանյանը, Արտեմ Մելիք-Ազարյանը եւ ուրիշներ: «Արամեի» ցուցադրություններին բնորոշ է կատարողական վարպետությունը, ստեղծագործական ընդգծված երեւակայությունը, գունային հագեցվածությունը, արտահայտչաձեւերի ֆիգուրատիվ դրսեւորումները եւ դրանց բազմանիստ տրանսֆորմացիաներն ու կերպափոխությունները, որոնք տեսանելի եւ ոչ տեսանելի իրականությունների մեջ զգացողական հաղորդակցում են ստեղծում ինչ-որ տեղ այլաբանական, ինչ-որ տեղ թատերային կամ մտացածին, խորհրդանշական, նաեւ միստիկ (Գ. Եղիազարյան, Շ. Ոսկանյան, Արմեն Գեւորգյան, Էմիլ Գազազ):
«Արամե» պատկերասրահի գործունեության կարեւորագույն մասն է կազմում հրատարակչական աշխատանքները, եւ յուրաքանչյուր տարվա կատալոգը յուրատեսակ հաշվետվություն է, որ ամբողջացնում է ստեղծագործական որոշակի ընթացք:
Այս օրերին պատկերասրահը նոր ցուցադրություն է կազմակերպել, որը արձանագրվել է նորատիպ կատալոգումՙ 13 գեղանկարիչների աշխատանքների ներկայացումով: Կատալոգի բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Տիգրան Մեծ» հրատարակչատունը, շնորհիվ պատկերասրահի արհեստավարժ աշխատակազմիՙ հանձինս Գայանե Իգիթյանի, Արմինե Անտոնյանի, Սուսան Հակոբյանի:
Պատկերասրահի գործունեության եւ հարակից այլ հարցերի մասին ուրբաթ օրվա «Արամե-2005» կատալոգի շնորհանդեսին զրուցեցինք վերջերս Վ. Թեքեյան մրցանակի արժանացած գեղանկարիչ Գեւորգ Եղիազարյանի եւ պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանի հետ:
«Այս երկու տարվա ընթացքում «Արամեն» արվեստասեր հասարակությանը փորձում է իր կարծիքը ներկայացնել հայ գեղանկարչության մասին, փորձում է ներկայացնել ֆիգուրատիվ արվեստ, որ հայի հոգեբանությանն առ այսօր շատ հարազատ բան է, ասում է Գեւորգը: Որովհետեւ հայը որքան էլ աբստրակտ է իր մտածողության մեջ, բայց եւ հողից շատ պոկված ժողովուրդ չէ: Պատկերասրահի աշխատանքներից երեւում է, որ դինամիկ ձեւով փորձում է ավելի լայն շրջանակներ ընդգրկել: Եվ չսահմանափակվել սոսկ պատկերասրահ երեւույթով, այլեւ փորձում է հայ իրականության մեջ ներբերել պրոֆեսիոնալ մոտեցում պատկերասրահ հասկացողությանը, նկարիչ-հասարակություն հաղորդակցության, ինչու չէ, նաեւ նկարիչ եւ պրոֆեսիոնալ արվեստ տարածքում ինչ-որ հարցեր կարգավորելու խնդիրներին, որոնք, ինձ թվում է, կարեւոր են, եւ հայ իրականությունը դրանց պակասն ունի: Սրա արգասիքը նաեւ այս երկրորդ բրոշյուրն է, որ ամբողջացնում է «Արամեի» գործունեությունը»:
Մեզ հետաքրքրող հաջորդ հարցինՙ ներկայացվող արվեստի բնույթին եւ այն կարծիքին վերաբերող, թե պատկերասրահը պրոպագանդում է մեր ավանդական գեղանկարչությունից հեռացած, ինչ-որ տեղ օտարաճ արվեստ, իմ զրուցակիցները հետեւյալ մոտեցումներն ունեին:
Գեւորգ Եղիազարյան- Մինչ այդ հարցին անդրադառնալը մի կարեւոր հարցի մասին կուզեի խոսել: Որն է մեր ազգայինը, առ այսօր մեծ պատրանք է: Կան կարծիքներ, բայց իրական ակունքներից, արմատներից, բուն արժեքների՞ց են դրանք արդյոք սերում: Ճակատագրի բերումով միջնադարից այս կողմ մեր կապը կտրված էր: Միայն վերջին 70 տարիներին ինչ-որ տեղ ազգային մտածողության եզրեր ենք գտնում աշխարհի ու մեր միջեւ: Ուստի եւ շատ հավակնոտ կլինի որեւէ մեկի կողմից ասել, թե սա՛ է մեր ազգայինը: Իմ կարծիքով, ազգայինը միայն Սարյանն ու Մինասը չեն: Ազգայինը անընդհատ շարժվող, փոփոխվող վիճակ է, եւ դա ժամանակի մեջ է ճշգրտվում, հստակեցվում, ազգայինը մեր գենետիկ արյան մեջ եղողն է, այն է, ինչ զգում ենք այսօր մեր հողի վրա, մեր տառապանքներով, դժբախտություններով, ուրախություններով: Եթե մեկը նկարում է այստեղ, այդ ամենի մեջ, արդեն ազգային արվեստ է ստեղծում, եւ հայրենիք հասկացողությունը երբեք դոգմա չի կարող լինել: Իսկ եթե որոշ նկարիչների ցուցադրություններն արտերկրում կարող է նման կարծիքների պատճառ դառնալ, դա անլուրջ է: Շատ ավելի լավ կլինի, որ մեր հայ արվեստագետները դրսում ավելի ներկայացվեն ու գնահատվեն, եւ սա մեր երկրում իրոք կարեւորվի:
Արամ Սարգսյան- Երբ ստեղծագործում է մինչեւ ուղնուծուծը հայկական հողին արմատներով կապված հայ մարդը, եւ եթե անկեղծորեն արտահայտում է իր զգացմունքները, ապրումներն ու վիճակը, ինչպե՞ս կարող է ազգային չլինել, ես դա իսկապես չեմ հասկանում: Եթե նա անկեղծ է դրսեւորվում իր կատարողական վարպետությամբ, արդեն ինքը համամարդկային արժեքներ է ստեղծում: Չկան հատուկ անջրպետներ, սահմանագծեր. ազգայինը Արարատ սարը կամ հայկական եկեղեցի նկարելը չէ անպայման: Մի՞թե ազգային տարազ պիտի կրես, որ համարվես ազգային: Իրական արվեստը պետք է ներառի համամարդկային արժեքները, ապա դրսեւորվի տվյալ ազգության անհատական բնութագրիչ որակներով, բացի այդ ազգային ընկալումը տարբեր ժամանակներում անընդհատ փոփոխվում է, մենք այդ մասին դատում ենք հին պատկերացումներով, սակայն յուրաքանչյուր ժամանակ էվոլյուցիա է ապրումՙ մտածողության, պատկերացումների եւ ստեղծում ազգայինի նոր ընկալում: Ամեն սերունդ իր ընկալումն է բերում ազգայինին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ