Անցած տարվա հոկտեմբերին ՀՀ արտգործնախարարի եւ այս տարվա հունվարին Հայաստանի նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցերի ժամանակ որոշվեց 2005 թ. աշնանը Հայաստանում անցկացնել հայ-իտալական բարեկամության օրեր: Այս կարեւոր միջոցառումն իրականացվելու է Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարությունների, դեսպանությունների համատեղ աջակցությամբ, Երեւանի, Իտալիայի Վենետտոյի մարզի եւ Վենետիկ քաղաքի, Մխիթարյան միաբանության մասնակցությամբ:
Առաջին ձեռնարկը կնվիրվի Մխիթարյան միաբանության Ս. Ղազարի գանձերի ցուցադրությանը, Երեւան կբերվի 300 տարիների ընթացքում Մխիթարյան հայրերի աշխատանքի ու տաղանդի արժեքների, նրանց ստեղծագործությունների մի փոքր մասն, անշուշտ, որը, սակայն, ճանաչելի եւ հասկանալի կդարձնի իտալական մշակութային միջավայրում, Սբ. Ղազար կղզում ապրած մեր նշանավոր մտավորական այրերի մեծարժեք վաստակը, նրանց բերած հսկայական նպաստը հայ մշակույթի եւ գիտության զարթոնքին ու զարգացմանը:
Հայաստանի ԳԱ ակադեմիայում անցկացվելիք «Վենետիկյան ընթերցումներ» հայ-իտալական առնչություններին վերաբերող կոնֆերանսին կմասնակցեն հայտնի գիտնականներ ու արվեստագետներ: Կկայանան իտալական ֆիլմերի ցուցադրություններ, համերգներ: Մխիթարյան հայրերի ավանդը եւ վաստակը Հայաստանում կրկին փաստելու համար որոշում է ընդունվել Սբ. Ղազար վանքի առջեւում տեղադրված Մխիթար Սեբաստացու արձանը, որ իտալական նշանավոր վարպետի գործ է, պատճենահանել եւ տեղափոխել Երեւան:
Այս օրերին կամուրջ կստեղծվի Վենետտոյի մարզի, Երեւան եւ Վենետիկ քաղաքների հետագա համագործակցության:
Հայ-իտալական բարեկամության օրերի նախերգանքը մարտին Կամերային երաժշտության տանը կազմակերպված համերգային ծրագիրն էր: Հայ եւ իտալացի նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկավ ազգային օպերային թատրոնի երգչուհի Մագդա Մկրտչյանը, որը վերջերս մի շարք մրցույթներում հաջողություններ է արձանագրել: Համերգային ծրագրի բացումը կատարեց Մխիթարյան միաբանության վարդապետ Հարություն Պզտիկյանը: Ներկա էին Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն, ՀՀ արտգործնախարարի խոսնակ Համլետ Գասպարյանը, մաեստրո Օհան Դուրյանը, երգչուհու ուսուցչուհինՙ կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գալաճյանը, երաժիշտներ, մտավորականներ:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ