«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2005-04-05 | #60, 2005-04-06 | #61, 2005-04-07


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԵՋԼԻՍՈՒՄՙ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ

Ապրիլի 5-ին գումարվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովի հատուկ նիստը, որտեղ քննարկվել է «Ցեղասպանության հայկական պնդումների» հարցը: «Ազգը» նախապես տեղեկացրել էր նիստին «Զաման» թերթում սյունաշարի հեղինակ Էթիեն Մահճուպյանի եւ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հրավիրման մասին: «Հյուրիեթը» ապրիլի 6-ի համարում հաստատում է «Ազգի» տեղեկությունըՙ ավելացնելով, որ նիստին մասնակցել է նաեւ պոլսահայ գրող Լեւոն Դեբաղյանը:

Ըստ «Հյուրիեթի», Մահճուպյանը Հայոց ցեղասպանության իրողությունն ուրացող Ջաստին Մկքարթիի առնչությամբ ասել է, որ աշխարհի պատմաբանները նրան չեն ընդունում, միաժամանակ ակնարկելով վերջինի վարձատրվելու հակումների մասին: Մահճուպյանի այս խոսքերին իսկույն առարկել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, պաշտոնաթող դեսպան Շյուքրու Էլեքդաղը եւ Մկքարտիին վերագրվող հակումները համարել զրպարտություն: Այնուհետեւ Մահճուպյանը հայկական եւ քրդական հարցերի միջեւ համեմատություն է անցկացրել, որին հակազդել է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Ինջի Օզդեմիրը, թե «հայերի պարագայում իրավիճակը պատերազմական է, իսկ քրդերիՙ ոչ, մենք քրդերին տեղահանելու որեւէ մտադրություն չունենք»:

Դինքի խոսքերին, թե «դուք հուշարձաններ եք կառուցում, արարողություններ կատարում, իսկ ես կորցրած լինելով իմ նախնիներին, չեմ կարողանում հիշատակել ապրիլի 24-ը», Օզդեմիրն առարկել է ասելով. «Դեռ ինչպես էիք հիշատակելու, աշխարհում ամենուրեք հուշարձաններ եք կառուցել»:

«Հյուրիեթը» նշում է, որ ցեղասպանության հայկական պնդումների առնչությամբ թուրքական թեզ պաշտպանեց միայն Լեւոն Դեբաղյանը: Հակառակ ելույթն ընդհատելու Դինքի փորձերին, Դեբաղյանը շեշտել է, որ 1915 թ. իրադարձությունները ոչ թե ցեղասպանություն էին, այլ տեղահանություն, արտաքին ուժերը փորձում են Թուրքիային ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ, ապա եւ շարունակել. «Մենք թուրքահայ ենք, նախ եւ առաջ Թուրքիայի քաղաքացիներՙ կապված թուրքերի հետ: Թուրքահայերի գլխին խաղ են խաղում, չպետք է ենթարկվենք սադրանքների: Թուրքիայում կոտորած էին սարքել Ռուսաստանից եկած հայերը: Ամեն կարգի պնդումները թողնենք մի կողմ եւ հպարտանանք, որ թուրքահայ ենք»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4