«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2005-04-05 | #60, 2005-04-06 | #61, 2005-04-07


Ռ. ՀԱՏՏԵՃՅԱՆԻ «ՀՈՒՇԱՏԵՏՐ-52»-Ը ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պոլսահայ մտավորական, «Մարմարա» օրաթերթի բազմամյա խմբագրապետ Ռոբեր Հատտեճյանն արտակարգ արդյունավետությամբ է իր գրիչն օգտագործում ի շահ հայ գրոց մշակների: Իր վերջին հրատարակությունըՙ «Հուշատետր-52»-ը կոչվում է «Իսթանպուլահայ նոր բանաստեղծութեան վէպը. Կարպիս Ճանճիկեան, Հայկազուն Գալուստեան եւ միւսները» (Ստամբուլ, 2004, 324 էջ):

Հատտեճյանիՙ 40-ականների պոլսահայ բանաստեղծների մասին գրված հոդվածաշարը նախապես տպագրվել է «Մարմարա» օրաթերթում: Գրասեր մարդու խղճամիտ պարտականությունը կատարած հեղինակն ակնկալում է, որ հոդվածաշարը չի դառնա հրապարակում ստամբուլահայ վերջին բանաստեղծության մասին:

Գիրքը հրատարակվել է բեյրութահայ գրասեր հանրությանը եւ սփյուռքահայ մամուլում իր հրապարակային նամակներով հայտնի Արմեն Հարությունյանի եւ իր տիկնոջՙ Միմի Հարությունյանի մեկենասությամբ:

Արեւմտահայ գրականության հարուստ ավանդույթները 1915-ից հետո շարունակվեցին տարբեր գաղութներումՙ ձեւավորելով սփյուռքահայ գրականությունը: Ռոբեր Հատտեճյանն իբրեւ ուսումնասիրության նյութ վերցրել է 40-ականներին աշխարհում սկսված գործընթացների ազդեցությունը գրականության եւ արվեստի ստեղծագործությունների վրաՙ մասնավորապես համայնավարական գաղափարախոսությանն ավելի մոտ ձախակողմյան շարժումն արվեստի մեջ մերժում էր զգացմունքային, քնարական, եսակենտրոն խոկումներն ու երազային տրամադրությունները: Բանաստեղծության ավիշը սնում էր մարդկային, սովորական առօրեական կյանքըՙ ավանդական ձեւերից ու թեմաներից խզում արձանագրելով: Այդ շարժմանն էին հարում պոլսահայ նոր բանաստեղծության հիմնադիրներ Հայկազուն Գալուստյանը եւ Կարպիս Ճանճիկյանը, որոնց ստեղծագործական կյանքի մանրամասներին, նրանց գրական շրջանակներին ու միջավայրին է անդրադառնում հեղինակը: Մեկնաբանություններն ընդգրկում են նաեւ Ա. Շավարշի, Խաչիկ Ամիրյանի, Երվանդ Կոպելյանի, Զանգուի, Ավետիս Ալիքսանյանի, Էդուարդ Աղամյանի ստեղծագործությունները: Իրենց ձախակողմյան հայացքների համար այս գրողները Թուրքիայում ենթարկվում էին հալածանքների, եւ նրանց գրականությունը շատ տարածված էլ չէր, տարիներ հետո ոմանք տեղաբնակվեցին այլ երկրներում. Երվանդ Կոպելյանըՙ Բեյրութ, Զանգունՙ Փարիզ, Գեղամ Սեւանըՙ Բեյրութ, ապա Հայաստան:

Գիրքը եզրափակվում է 40-ականների պոլսահայ հիշյալ բանաստեղծների կենսագրության եւ հրատարակությունների մասին հակիրճ տեղեկություններով:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4