Ապրիլի 6-ին Իրաքի խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում ընտրեց Քրդստանի հայրենասերների միության առաջնորդ Ջալալ Թալաբանիին: Հաշվի առնելով Հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումները, Քիրքուքի նկատմամբ քրդերի, մասնավորապես Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ Թալաբանիի հավակնություններն ու վերջիններիս սպառնալից հայտարարությունները Թուրքիայի հասցեին, միանգամայն տրամաբանական էր թվում Թալաբանիի ընտրությանը թուրքական իշխանությունների հակազդեցությունը:
Այլ կերպՙ Հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումները երկիրը կանգնեցնում էին մասնատման սպառնալիքի առջեւ, ինչը քրդական անկախ պետականության նախադրյալներ էր ստեղծում, իսկ Թալաբանին Բարզանիի հետ Քիրքուքը ապագա պետության կազմում ընդգրկելու ջանքեր էր գործադրում, ավելինՙ ի լուր աշխարհի հայտարարում. «Քիրքուքն անկախ Քրդստանի անքակտելի մասն է, կդառնա քրդական պետության մայրաքաղաքը»:
Հակառակ ենթադրությունների, Իրաքի նախագահ ընտրվելու առնչությամբ Թալաբանիին շնորհավորական ուղերձ հղեց Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերըՙ հիշեցնելով նրան, որ ստանձնած պաշտոնը խորհրդանշում է իրաքյան պետության ամբողջականությունն ու ժողովրդի միասնականությունը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին ասաց, որ Թալաբանիի ընտրությունը կանխատեսելի էր, թեկուզ ուշացումով կանխատեսումն իրականացավ: Նա միաժամանակ ընդգծեց Քիրքուքին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտությունը, ըստ որի քաղաքը պատկանելու է Իրաքի ողջ ժողովրդին:
Ինչ վերաբերում է արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին, ապա նա Դուբայ կատարած այցի ընթացքում թուրք լրագրողի «Թալաբանին քուրդ է, արդյոք չի՞ ձգտի քրդերին արտոնություն տալ Իրաքում» հարցին պատասխանեց. «Իրաքում բոլորն էլ նախ եւ առաջ իրաքցի են: Իրաքցու ինքնագիտակցության ամրապնդումը բոլորի, առավել եւս Թալաբանիի առաջնահերթ խնդիրն է լինելու: Նախագահը միաժամանակ պարտավոր է պահպանել երկրի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը: Չպետք է մոռանալ, որ Իրաքում Թուրքիայի նշանակությունն առավելագույնս կարեւորող գործիչը Թալաբանին է»:
Ամերիկյան «Ֆոքս նյուս» հեռուստաընկերությունն էլ Թալաբանիի ընտրությունը կարեւորել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքի համար: Թեեւ ապրիլի 7-ին «Ֆոքս նյուսը» դեռեւս վաղ է համարել այդ հարաբերությունների վրա Թալաբանիի ընտրության բացասական ազդեցության մասին հետեւությունը, բայց եւ այնպես չի բացառել, որ նրա ընտրությունը խորացնի Իրաքի նկատմամբ Թուրքիայի անվստահությունը, ինչի հետեւանքով ապակայունանան երկու հարեւան երկրների հարաբերությունները, իսկ դա էլ ավելի սրի թուրք-ամերիկյան տարակարծությունները:
Հ. ՉԱՔՐՅԱՆ