«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2005-04-06 | #61, 2005-04-07 | #62, 2005-04-08


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆՈՐ ՓԱՌԱՏՈՆ-«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»

«Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը մշակութային իրողություն դարձավ նոր ձեւի մեջ: Հաճելի անակնկալ արվեստասեր հանրության համար, երբ ավանդական ըմբռնումով համերգասրահային տարածքը տեղափոխվելով պատկերասրահի դահլիճներՙ հնարավորություն է ընձեռվում դասական երաժշտության ունկնդրում կերպարվեստի բարձրարվեստ ստեղծագործությունների մթնոլորտում:

Դեռեւս 80-ականների վերջին ծնված այս մտահղացումն իրականացավ նախորդ օրն ազգային պատկերասրահում: Երեւույթն իր մեջ ինքնին արվեստը ներկայացնելու գեղագիտական վերաբերմունք էր կրում: Պատկերասրահի մուտքից մինչեւ դահլիճի դռները եւ աստիճաններին հրավիրյալներին դիմավորող մոցարտյան դարաշրջանի հանդերձանքով ու վարսահարդարանքով երիտասարդ զույգերի համակրելի ժպիտները կոմպոզիտորի ապրած արիստոկրատական շրջանի հպանցիկ զգացողություն-պատրանք էր փոխանցումՙ ենթադրելով բարձրաճաշակ հանդիսականի ներկայություն:

Համերգային փառատոնիՙ կազմակերպված Ազգային պատկերասրահի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ նախաձեռնությամբ, բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը, պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, խմբավար Էդվարդ Թոփչյանը: Հայաստանի ազգային պատկերասրահի տարեգրության մեջ նոր էջ բացած այս միջոցառումըՙ երաժշտության եւ կերպարվեստի համագործակցությունը, ակնկալում է զարգացնել արվեստասերների մեջՙ բազմադաշն (պոլիֆոնիկ) մտածողություն, երաժշտության մեջ գույնի ու պատկերի, կերպարվեստի մեջ մեղեդայնության ընկալում:

Կազմակերպիչներն ակնկալում են նաեւ փառատոնի ընդլայնում ընդհուպ միջազգային մակարդակների. երաժշտական նոր ավանդույթ սկսող այս փառատոնին մասնակցելու կհրավիրվեն աշխարհում հայտնի երաժիշտներ, արվեստագետներ: Եվ քանի որ իր խոսքում Էդ. Թոփչյանը նշեց, որ երաժշտության եւ նկարչության միմյանցից անբաժանելի լինելը լավագույնս հաստատում է օպերային ժանրըՙ իբրեւ լսողական եւ տեսողական արվեստների ներդաշնակ միակցություն, փառատոնի համերգային սկիզբը բացվեց Մոցարտի օպերաներով. բեմական ձեւավորումներին ու բեմանկարներին փոխարինեց սրահի որմնանկարային արվեստը:

«Սերենադ» կամերային նվագախմբի կատարմամբ, Սուրեն Շահիջանյանի դիրիժորությամբ հնչեցին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Առեւանգում հարեմից» եւ «Կախարդական սրինգ» օպերաներից արիաներՙ արտիստներ Դավիթ Բաբայանցի, Քրիստինա Դավլաթյանի, Ռոբերտ Վիրաբյանի, Իրինա Զաքյանի, Վահան Մակվեցյանի, Գայանե Գրիգորյանի, Ռուբեն Նուրիջանյանի ներկայացմամբ:

Փառատոնի շարունակությունն ընդգրկելու է Կոմիտասի անվան լարային քառյակի, Վլ. Սպիվակովի անվան «Նոր անունների», «Հովեր» կամերային երգչախմբի, «Սերենադ» կամերային նվագախմբի համերգները, Սվետլանա Նավասարդյանի, Բարսեղ Թումանյանի մենահամերգները:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4