Ամերիկայի պատմության ազգային սմիթսոնյան թանգարանի նախաձեռնությամբ ստեղծված «Ջազի նշանավորման ամիս» ամենամյա միջոցառումը նշվում է Միացյալ Նահանգների ողջ տարածքում: Ջազի ջատագովների այս ձեռնարկը միտված է հասարակայնության ուշադրությունը կողմնորոշել դեպի ջազային երաժշտության ստեղծման պատմությունը, դրա յուրօրինակ հարստությանըՙ իբրեւ ամերիկյան արվեստի ազգային մշակութային արժեք: 2003-ին Կոնգրեսը պաշտպանել է այն միջազգայնորեն նշելու նախաձեռնությունը, որի արտահայտություններից մեկը Երեւանում այս տարի ապրիլին անցկացվելիք ջազի օրերի սկիզբն էՙ ԱՄՆ դեսպանատան կազմակերպմամբ:
Ջազ-փառատոնի բացման արարողությունն ապրիլի 8-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունումՙ երիտասարդ նկարիչների մրցույթ-ցուցահանդեսի եւ ջազ-պոեզիայի ուղեկցությամբ: Ապա կհաջորդեն համերգներ Ա. Խաչատրյանի համերգասրահումՙ Հայաստանի ջազ-նվագախմբի, Հանրային հեռուստառադիոընկերության ջազ-բենդի կատարմամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնում Վահագն Հայրապետյանը կներկայացնի թայմ ռեպորթ-«Կատուներ» բեմականացումը: ԱՄՆ դեսպանատան հրավերով փառատոնին կմասնակցի Օթար Մագրաձեի եռյակը Թբիլիսիիցՙ Կամերային երաժշտության տանը: Փառատոնը կեզրափակի ապրիլի 16-ին Ֆրանկ Ամսալեմի հեղինակավոր քառյակի եւ երգչուհի Սառա Լազարուսի համերգը:
«Ջազի օրեր Հայաստանում» փառատոնը կուղեկցվի ջազի վերաբերյալ ֆիլմաշարերի ցուցադրություններով. «Բլյուզ» ֆիլմաշարը եւ «Արվեստն ու ջազը» մուլտֆիլմերը կներկայացվեն Ագային պատկերասրահումՙ վերջինիս կինոծրագրերի բաժնի կազմակերպությամբ:
ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրությունը նաեւ տեղեկացնում է, որ համերգների ու միջոցառումների անվճար տոմսեր կարելի է ձեռք բերել Արամ Խաչատրյան համերգային տոմսարկղից:
Մ. Բ.