«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2005-04-06 | #61, 2005-04-07 | #62, 2005-04-08


ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ ՔԱՆԴՎԱԾ ՏՆԵՐԻ ՏԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 18-19-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՄԱՌԱՆ

Բուզանդի թիվ 19 եւ 21 տները քանդող սեփականատերը դժվար թե իմանար, որ այդ տների նկուղները, ավելի ճիշտՙ մառանները կառուցվել են 18-19-րդ դարերում: Ամենաանտարբեր անցորդն անգամ կնկատի կարմիր եւ սեւ տուֆի համադրությամբ կառուցված կամարակապ պատը, որի վերին մասն արդեն վնասվել է բուլդոզերից: ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ֆրինա Բաբայանը, որը 2 տարի առաջ պեղում էր Հանրապետության հրապարակում հայտնաբերված մառանները, անմիջապես արձագանքեց հեռախոսազանգիս եւ Բուզանդի 19-ի մառանը տեսնելու ցանկություն հայտնեց: Մասնագետի աչքով զննելով, նա անմիջապես նկատեց, որ մառանը ինչ-որ ժամանակ վերակառուցվել էՙ փակվել է դիմացի կամարի վերին հարկաբաժին տանող մուտքը: Հայերը մառանները կառուցել են առանձնակի խնամքով, քանի որ ամբողջ տարին այնտեղ պահպանել են մթերք ու գինի: Մառանի պատերն այնքան ամուր են, որ դրանց վրա կարելի է ուզածդ շինությունը կառուցել: Ենթադրելի է, որ տարածքում բնակելի շենքեր չեն կառուցվելու, այլապես սեփականատերը կպահպաներ մառաններըՙ դրանք թանգարան կամ սրճարան դարձնելու նկատառումով:

«Սա հայ շինարարական արվեստի մի շրջան էՙ 18-19-րդ դարերի, որը չգիտես ինչու այսօր ջնջում ենք եւ փոխարենը կառուցում 21-րդ դարի Երեւան: Հանրապետության հրապարակի հրաշալի մառանները երբ 2 տարի առաջ բացեցինք, առաջարկեցինք որոշ կետերում պահպանել հայ շինարարական արվեստի կապերըՙ կամարակապ շինությունները, սեւ ու կարմիր տուֆի ներդաշնակ համադրությունը, ինչը զբոսաշրջիկների համար անչափ գրավիչ կլիներ: 18-19-րդ դարերի Երեւանի նկուղային հարկաբաժինները տեսնելով նրանք ավելի լավ կպատկերացնեին, թե որքան կատարյալ են եղել դրանց վերնահարկերը: Սակայն որոշվեց փակել եւ թողնել հաջորդ սերունդներին», ասաց Ֆրինա Բաբայանը:

Հրապարակի պեղումների ժամանակ հայտնաբերվել էին 13-15-րդ դարերի հնագիտական նյութեր: Նա գրեթե համոզված է, որ Բուզանդի 19-ի մառանը հրապարակում հայտնաբերված մառանների անմիջական շարունակությունն է, մանավանդ որ դրանք նույն ուղղության վրա են: «Ամեն բեկորի նկատմամբ մենք պետք է ուշադիր լինենք, այլ ոչ թե անգթորեն ոչնչացնենք: Մեր երիտասարդ սերունդը պիտի շարունակի Երեւանի պատմությունը գրել, իսկ այսպիսի ամեն մի շինություն քաղաքի պատմության մի մասն է: Այս փողոցի շենքերը պետք է իրենց տեղում թողնել եւ դրանց վրա կառուցել վերնահարկերը: Տեղաշարժելու դեպքում դրանք կկորցնեն իրենց կենսագրությունը, ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնի, որովհետեւ ճարտարապետական նյութը կորցնում է իր անձնագիրը», ավելացրեց նա:

Հրապարակի եւ Բուզանդի մառանները, ըստ հնագետի, ունեն միայն ոճային տարբերություններ, ինչն ամբողջապես կարելի է բացահայտել միայն պեղումների միջոցով: Այս մառանի շարվածքը նույնպես աղյուսաշար է, քանի որ 18-19-րդ դարերում շինարարական ձեւը խիստ ներկայանալի էր եւ բարձր էր գնահատվում: Օտար վարպետներից հետ չմնալու համար հայ վարպետները տուֆը մշակել են աղյուսի նման եւ բազմագույն քարերի ներդաշնակությամբ կառուցել եկեղեցիներ եւ այլ կառույցներ:

Իսկ այսօր մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդվում են Երեւանում մնացած այդ հին շինությունների վերջին բեկորները: Քանդվում են, որովհետեւ հնի եւ նորի համակցումը գնահատվում է միայն զարգացած ու քաղաքակիրթ երկրներում:

Ապագա սերունդներն անպայման կբացեն Հանրապետության հրապարակի մառանները, նրանք խոշոր գումար կհատկացնեն եւ հրապարակում նկուղային թանգարան կստեղծենՙ անիծելով իրենց նախորդներին այդ գործը ժամանակին չանելու համար:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4