Վերականգնվող աղբյուրների օգտագործմանն աջակցելու եւ Հարավային Կովկաս-Հայաստան բնապահպանական ծրագրերի համար Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին կհատկացվեն դրամաշնորհներ եւ արտոնյալ վարկ: Այդ մասին երեկ համապատասխան պայմանագիր ստորագրեցին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռենատե Հայկե Փայչը:
«Բնապահպանական ծրագիրՙ Հարավային Կովկաս-Հայաստան» ծրագրի շրջանակներում կտրամադրվի 2,2 մլն եվրո դրամաշնորհ: Այս փաստաթուղթը նաեւ միջկառավարական փաստաթուղթ է, քանի որ նախատեսում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստեղծել բնապահպանական գոտի, որը Հայաստանում կընդգրկի Արփի լճի շրջակայքը, իսկ Վրաստանումՙ Ջավախքի տարածաշրջանը:
Վերականգնող էներգիայի աղբյուրների օգտագործմանն աջակցության ծրագրի համար տրված գումարից 6 մլն եվրոն արտոնյալ վարկ է, իսկ 1,5 մլն եվրոնՙ դրամաշնորհ: Այդ գումարն ուղղվելու է բանկերի միջոցով մասնավոր փոքր ՀԷԿ-երի ստեղծման նպատակով երկարաժամկետ վարկեր տրամադրելուն, ինչը կնպաստի երկրի հիդրոռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը: Ծրագրի կառավարման նպատակով ստեղծվելու է Վերականգնվող էներգետիկայի գերմանա-հայկական հիմնադրամ: Բանկերի եւ փոքր ՀԷԿ-երի մրցութային կարգով ընտրության չափանիշների սահմանման եւ ծրագրի կատարման ընթացքը հսկելու նպատակով ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու է նաեւ գերմանական KfW-ի ներկայացուցիչը:
Պայմանագրի ստորագրումից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, կարեւորելով Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը, նշեց, որ Հայաստանը Գերմանիայի ամենապարտաճանաչ գործընկերներից է: Գերմանիայից տարբեր կարգի օժանդակություն ստացող 100 երկրներից Հայաստանն իր կատարողական մակարդակով գտնվում է 8-րդ տեղում: Վարդան Խաչատրյանը հայտնեց, որ Գերմանիան Հայաստանին օժանդակում է նաեւ այլ ծրագրերով: Մասնավորապես մոտ 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրվի Արմավիրի ջրահեռացման ծրագրին: Աջակցություն կցուցաբերվի նաեւ հիպոթեկային վարկավորման ծրագրին, ինչպես նաեւ կշարունակվի տարիներ առաջ սկսված փոքր եւ միջին բիզնեսի աջակցության ծրագրի ֆինանսավորումը:
Ա. Մ.